«Այն դեպքում, եթե դատարանը կայացնի դատական քննություն նշանակելու մասին որոշում, ապա միջնորդում եմ դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել հետեւյալ անձանց»,-այսպես այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց ու սկսեց թվարկել այն անձանց անունները, ում պետք է կանչել դատարան:
«Առաջին՝ 2008-ի Մարտի 8-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանին, ինչպես նաեւ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Կիմ Բալայանին: Այս անձինք 2008-ի Մարտի 8-ին մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա ՀՀ ԿԸՀ-ի` 2008-ի փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը եւ կարող են գործի համար կարեւոր նշանակության տեղեկություն հայտնել ՍԴ դատավորների նկատմամբ այդ գործի քննությանը ճնշում գործադրելու մասին պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ: Ընդ որում, Հրանտ Նազարյանն այդ գործով հանդիսացել է նաեւ զեկուցող: Երկրորդը՝ Սամվել Մայրապետյանին, ով կարող է գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել ՔրՕրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ: 2008-ի փետրվար-մարտ ամսվա դրությամբ ՀՀ ՊՆ նախարար հանդիսացած Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը ու կարող է հրամանի հետ կապված գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություն հայտնել»:
Ալումյանը հավելեց, որ եթե ՍԴ դատավորների նկատմամբ ճնշման մասին է խոսք գնում մեղադրանքում, ընդ որում, մասնավորեցրած չէ, թե ո՞ր դատավորի մասին է խոսքը, ուստի անհրաժեշտ է այդ ժամանակ պաշտոնավարած բոլոր դատավորներին կանչել դատարան՝ հարցաքննելու:
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման այս գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Ալումյանը հավելեց, որ եթե իր նշած անձինք հղում անելով իրենց դատավարական կարգավիճակին չգան դատարան վկայի կարգավիճակով, ապա եթե դատարանը կգտնի, որ կոնկրետ վկայի կարգավիճակով չի կարող հարցաքննել, ապա կարող է ցանկացած այլ կարգավիճակով դատարան կանչել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ