Արդեն մի քանի ամիս է՝ Covid-19 համավարակը դարձել է մեր առօրյա կյանքի «անբաժանելի» մասնիկը։ Կյանքը համավարակից առաջ եւ հետո էականորեն տարբերվում է, քանի որ մեր կենցաղ ու առօրյա են մտել արտասովոր երեւույթներ՝ դիմակով շրջելը, ձեռնոց կրելն ու պարբերաբար ձեռքերը սպիրտով ախտահանելը եւ հնարավորինս զերծ մնալն առարկաներին դիպչելուց: Մինչդեռ «նախկին» առօրյայում չէինք էլ մտածում մանրէների մասին:
Արտակարգ դրությունն էլ մի կողմից սահմանափակեց անցուդարձը, մարդկանց շփումներն ու փոփոխեց գրաֆիկը:
Իսկ թե Covid-19-նն ի՞նչ փոխեց պատանիների կյանքում, արդյոք տխրե՞լ թե՝ ուրախացել են, որ մի քանի ամիս դասերն առցանց են պարապել, պատմեցին իրենք՝ դպրոցի ու քոլեջի աշակերտները:
Ասում են, որ Covid-19-ն իրենց կյանքը շատ է փոխել եւ սկսել են գնահատել կարեւոր բաներ, որոնք մինչ կորոնավիրուսը չեն նկատել։ Բացի այդ, սովորել են ավելի համբերատար լինել եւ հարազատներին գնահատել:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ կորոնավիրուսի «տրամադրած» ազատ ժամանակն օգտագործել են երգեր ու պարեր սովորելու, հայ գրականություն կարդալու ու օտար լեզու սովորելու համար: Զրուցակիցներիս ուրախացնում էր այն, որ առցանց դասընթացներ վարելու համար իրենց որոշ ուսուցիչներ սկսեցին օգտվել համակարգչից, ինչը նախկինում դժվարությամբ էին անում: Այդ դասերի ժամանակ զվարճալի պատմություններ էլ են շատ եղել, երբ իրենց դասընկերներից մեկը, դասի ժամանակ, պարզապես քնել է: «Քնած աշակերտի համար ուսուցիչը որոշեց օրորոցային երգ դնել»,-պատմեց մեր զրուցակիցը։
Աշակերտներից մեկն էլ, վերլուծելով կորոնավիրուսային իրավիճակը հասկացել էր՝ «Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէ, այլ այն պահը, որն ապրում էիր մինչ այդ վայրկյանը»:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ