Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ ռեկտորի նախկին պաշտոնակատարի դատի տալու եւ նախարարության թերացման մասին

Հուլիս 14,2020 18:00

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից ՀՊՏՀ խորհրդին դատի տալուն:

«Մրցույթը խորհուրդը չի հայտարարել, ԿԳՄՍ նախարարությունն է հայտարարել, խորհրդի լիազորությունների մեջ օրենքով սահմանված այդպիսի պարտականություն չկա: Իմիջիայլոց, խորհրդի պարտականությունները շատ սահմանափակ են, եւ ես չեմ ասում, թե պետք է ավելացնել, ուղղակի գտնում եմ, որ պետք է դրանց լավ տիրապետել:

Խորհրդի իրավունքների մեջ մտնում է բուհի, ցանկացած ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրություն կազմակերպելը, ընտրելը, տարվա բյուջեն, զարգացման ծրագիրը հաստատելը, եթե խնդիրներ են լինում, նիստեր հրավիրելը… Ուրիշ այլ լիազորություններ խորհուրդը չունի, առավել եւս այս հարցում: Եթե խնդիրներ կան իրավական խախտումների առումով, ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ նաեւ ռեկտորի նախկին պաշտոնակատարը, կարող է դիմել դատարան՝ համապատասխան լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարության նկատմամբ:

Եվ մի խորհուրդ իրեն՝ լավ կլիներ, որ այդ ամենը ռեկտորի նախկին պաշտոնակատարը անձամբ կիրառեր, երբ ժամանակին օրենքի խախտումներով ատեստացիաներ էր կազմակերպում, եւ այլն եւ այլն… Չեմ ուզում թվարկել դրանք, որովհետեւ այդ ամենն անցած էտապ է, եւ պետք է առաջ նայենք»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Նա նաեւ հավելեց. «Փաստն այն է, որ բուհը երկու տարի ռեկտոր չունի, եղել են ռեկտորի պաշտոնակատարներ, եւ այստեղ իր թերացումն ունի նախարարությունը: ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե հիմա, այլ վաղուց, պետք է արագ կազմակերպեր ընտրություններ՝ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում:

Եթե դա աներ, որեւէ այլ խոսակցություններ, այսօրվա տարբեր մեկնաբանություններ եւ վերաբերմունքը, որ նաեւ ռեկտորի նախկին պաշտոնակատարն է ցուցաբերում, չէր լինի: Մի խոսքով՝ նախարարությունը բացթողում ուներ, հիմա որոշել է այդ հարցը լուծել, ռեկտորի ընտրություն է հայտարարել: Թե ինչքանով է օրինական կամ անօրինական՝ ըստ ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ ռեկտորի նախկին պաշտոնակատարի, իրենց իրավունքն է դիմել դատարան, դատարանը՝ կարող է ասել այո, կամ ոչ: Հայաստանի Հանրապետությունում ընդունված կարգը դա է»:

Պարոն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չդառնալուն, եւ դրանից բխող հետեւանքներին:

«Ըստ էության, մեկ այլ ճշմարտություն էլ կա. նախկինում բոլոր բուհերը ՊՈԱԿ էին, եւ ՊՈԱԿ-ում կար խիստ սահմանափակում՝ 65 տարի: Հիմնադրամի պարագայում այդ սահմանափակումը չկա: Եվ նախկինում, երբ որ ինստիտուտները դարձան հիմնադրամներ, իմ համոզմամբ, դա պայմանավորված չէր կրթության որակը բարելավելու մղումներով, այլ ընդամենը տարիքային խնդիր էր լուծում:

Առաջինը ագրարային համալսարանն այդպես արեց, եւ չեմ կարծում, որ Ագրարային համալսարանը մինչեւ 2018թ հեղինակությամբ փայլում էր եւ առաջինն էր: Նպատակն այն էր, որ նախկին ռեկտորը որքան ցանկանար, այնքան երկար մնար, եւ այդ նպատակին էլ հասավ, հետո պետական համալսարանն էր… Եթե ամեն ինչից վերանանք ու զուտ հիմնադրամի հնարավորությունների տեսակետից նայենք հարցին, հիմնադրամն իսկապես ավելի շատ ազատություններ է տալիս բուհի ինքնավարության առումով, ինքնակառավարման առումով՝ ֆինանսական հոսքերի տիրապետում, ծրագրեր կազմել եւ այլն:

Ես որպես մեր բուհի խորհրդի անդամ ակտիվորեն մասնակցել եմ հիմնադրամի կանոնադրության նախաձեռնությանը, որ դիմել էին նախարարությանը, որպեսզի ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը հիմնադրամ դառնա: Արձանագրությունները կան, ես ակտիվ եմ եղել, շատ հարցադրումներ ունեի, բայց պարզվեց, որ մեր առաջարկությունները կարող են լինել ընդամենը առաջարկություններ, դրանք պարտադիր չեն: Եվ, օրինակ, դուք եւս որպես լրագրող, քաղաքացի կարող էիք ձեր առաջարկները ներկայացնել: Մինչ այդ՝ ես մեծ ոգևորությամբ պատրասվում էի իմ առաջարկները ներկայացնել համալսարանին, որպեսզի այդ ամենը գրենք, ուղարկենք, բայց երբ իմացա, որ հետագայում նախարարության կաբինետներով պետք է անցնի, ինչ-որ մարդիկ ասեն՝ այո, կամ ոչ , ես հրաժարվեցի:

Փաստորեն, մեր ցանկություններն ընդամենը ցանկություն էին: Հիմնադրամ դարձնելու որոշում ընդունելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու իրավունքը լիազոր մարմնինն է՝ ԿԳՄՍ նախարարությանը:

Մի ուրիշ խնդիր էլ կար, երբ քննարկումների ժամանակ որոշում էինք կառավարման ձեւը փոխել, ասում էին՝ սպասենք օրենք ընդունվի Բարձրագույն կրթության մասին, հետո՝ նոր: Մինչեւ հիմա օրենքի նախագիծը ներկայացված է, դեռեւս քննարկման փուլում է եւ չգիտենք՝ երբ կընդունվի: Ես այլ մոտեցում ունեմ կառավարման փորձից՝ որ երբեւիցե օրենքի պահանջը չի կարելի չկատարել՝ բացատելով, որ նոր փոփոխություններ պետք է լինեն: Եթե օրենքը կա, մենք պարտավոր ենք օրենքի տառով առաջնորդվել եւ մեր որոշումները կայացնել: Հենց այդ առումով է, որ այս ամենը նախարարության բացթողումն եմ համարում, որ ժամանակին իր պարտականությունն այդ մասով չկատարեց: Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունը պետք է կազմակերպեր ռեկտորի ընտրություններ դեռեւս մեկ տարի առաջ, որն իր պարտավորությունն էր»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031