«Ցավում եմ շատ, որ այս պայմաններում ստիպված ենք ականատես լինել ներքին մեդիա պատերազմների: Մինչդեռ ռեսուրսը, կարողություններն ու ջանքն առավելապես պետք է արտաքին մեդիա տարածքի հետ աշխատելուն ուղղված լինի»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած ռազմական լարված իրավիճակներում ատելության քարոզի տարածման առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի հնարավորությունների թեմայով տեսաքննարկմանը հայտարարեց կոնֆլիկտաբան, «Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
Նա նշեց, որ ունենք կոորդինացիայի, կազմակերպչական խնդիր. օրինակ՝ այն, որ մի շարք լրագրողներ հայտնվել են Բերդում, ինչի արդյունքում որոշ չճշտված տեղեկություններ են հրապարակվել, հետո ՊՆ-ն որոշել է այլևս լրագրողներ թույլ չտալ մուտք գործել այդ տարածք:
Արսեն Խառատյանը հայտնեց, որ իր գործընկերներն այս օրերին զբաղված են հայկական պաշտոնական տեղեկատվությունը և դիրքորոշումը վրացական մեդիայում հասանելի դարձնելու գործով:
Հիշելով 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին մեդիա տարածքում տիրող իրավիճակը` կոնֆլիկտաբանը նկատեց, որ այն ժամանակ ավելի համախմբված էինք և ավելի բաց էինք աշխատում արտաքին լսարանի հետ, ինչն էլ հնարավորություն տվեց մեզ հաղթելու: Ներկայիս իրավիճակի մասին ասաց. «Կարծում եմ՝ ցավոք այն իրավիճակում ենք, երբ կամ իրավիճակի լրջության մասշտաբը մինչև վերջ չի գիտակցվում կամ որոշ մարդիկ պատրաստ են ամեն իրավիճակից օգտվելով՝ որևէ առաջնահերթություն առաջ մղել՝ քաղաքական, թե այլ»:
Կարդացեք նաև
Նա նշեց՝արդեն երկու տարի ատելության խոսքի պակաս չկա և խտացված դրսևորվում է այս էսկալացիայի շրջանում՝ երկու կողմից. «Հնարավոր չէ անընդհատ հետևել, տեղեկատվական այս մասշտաբների մեջ լինել և անվերջ կարողանալ պահել կոռեկտության սահմանները»:
Արսեն Խառատյանի փաստմամբ՝ փաստացի խաղի կանոն չկա, եթե ժամանակին բարոյական նորմեր կային, որոնք մարդկանց հետ էին պահում, հիմա կարծես բոլոր կապանքները բացված են, և ցանցը գարշատոհությամբ է հաճախ բուրում: Նա հույս ունի, որ հիմա, երբ խնդիրը կոնկրետ ՀՀ անվտանգությանն է վերաբերում, լրագրողները, ակտիվիստները, քաղաքական գործիչներն իրենց հնարավորինս գրագետ ու ճիշտ կպահեն, և կկարողանանք գոնե մեզ համար հնարավորինս շահավետ դուրս գալ այս իրավիճակից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ