Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի կրակոցից մահացած Սոս Էլբակյանը Շիրակի Մարմաշեն համայնքից էր․ պատրաստվում էր հարսանիքի

Հուլիս 14,2020 17:40

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում քիչ առաջ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է, նա խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր որդին է։ Սոս Էլբակյանը 28 տարեկան է, պատրաստվում էր ամուսնանալ, հավանած աղջիկ ուներ։ Այս մասին մեզ ասաց նրա հարազատներից մեկը։

Նա պատմեց, որ Սոսն ամեն առավոտ խոսում էր մոր հետ, այսօր առավոտյան մայրը զանգահարել է, Սոսն ասել է․«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ես այս պահին սուրճ եմ խմում, հանգիստ եղեք: Խմեմ, պրծնեմ, գնամ մի հատ էլ դրանց հետ շպրտեմ ու ամեն ինչ լավ կլինի, հեչ չմտածեք»։

Նա տան փոքր որդին էր, երկու քույրերն ու եղբայրը նրանից տարիքով բավական մեծ են եղել՝ մոտ 16-17 տարով։

«Սոսն այնքան խելացի էր, այնքան ձգտվող էր, սիրում էր զինվորական կյանքը։ Զինվորական կյանքում շատ արագ վերելք ունեցավ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել։ Վերջին տարիներին տեղափոխվեց Տավուշ, լեյտենանտի կոչում ստացավ, հետո կապիտանի, նորից բարձրացումներ էր ունենալու։ Մտածում էր մի աստիճան էլ բարձրանա՝ տեղափոխվի Երևան բնակության։ Նա այնպիսի երազանքով էր պատրաստվում հարսանիքի»,- հուզված պատմեց նրա հարազատը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031