«Կան ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն»
«Կան մի քանի ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Բանախոսի մեկնաբանությամբ, ազդակներից մեկն էլ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպն էր: «Երկրորդ ազդակն այն է, որ հայկական տեղեկատվական դաշտում, մանավանդ իշխանական ԶԼՄ-ների, COVID-ի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող օգնությունը ներկայացվում է իմիջիայլոց, առանձնահատուկ նշելով Լիտվայի և Լեհաստանի օգնությունը: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր կողքին է եղել համավարակի դեմ պայքարի գրեթե առաջին օրերից ու մեկ անգամ չէ, որ աջակցել է Հայաստանին: Իսկ ամենաթարմ ազդակն այն է, որ հայկական կողմը հրաժարվեց ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից»,- ասաց Արման Ղուկասյանը:
Բանախոսը, սակայն, այս ամենին գնահատականներ չի հնչեցնում, այս փուլում, սահմանափակվում է այն ամենի արձանագրումներով, որոնք վկայում են, որ Երևանի ու Մոսկվայի միջև «արշալույսները խաղաղ չեն»:
Կարդացեք նաև
Արման Ղուկասյանի գնահատմամբ, Մոսկվային այսօր երկու բան է անհանգստացնում հայ-ռուսական հարաբերություններում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն առնչվող քրեական գործերը: Այս տեսակետին նա հանգել է ռուսաստանցի իր գործընկեր-փորձագետների հետ շփումներից: Արման Ղուկասյանն այն կարծիքին չէ, որ ռուսական կապիտալով ընկերությունները Հայաստանում օրենքից վեր են ու կարող են կոռուպցիայով զբաղվել: Ավելին, եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն. «Բայց արդեն շուրջ երկու տարի է այս քրեական գործերը օդում կախված են և դրանց շրջանակներում դեռևս չկան պատժվածներ: Ինչո՞ւ չկա հանգուցալուծում, ինչո՞ւ չեն ասում մեղավորների անունները, իսկ գուցե այս ամենը այս ընկերությունների իմիջին հարվածելու փորձ է՝ սրանք հարցեր են, որ արդեն երկու տարի է օդում կախված են»:
Հայ-ռուսական հարաբերությունների համար, ըստ բանախոսի, ոչ պակաս կարեւոր են մեր երկրում գործունեություն ծավալող արևմտյան կենսաբանական լաբորատորիաները, որոնք տասն են: «Լաբորատորիաների խնդիրը անվտանգության խնդիր է: Պաշտոնական տվյալների համաձայն դրանք հիմնադրվել են Պենտագոնի գումարներով և սա չի կարող հարցեր չառաջացնել: Եվ երբ մեր դաշնակից երկիրը ցանկություն է հայտնել ծանոթանալ կենսալաբորատորիաների գործունեությանը, մենք, կարծես թե, դեմ չենք եղել դրան և նույնիսկ համաձայնագիր էր նախապատրաստվում, սակայն այս մայիսին Երևանը հայտարարեց, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և մուտքը լաբորատորիաներ հետաձգվում է անհասկանալի պատճառներով: Կրկնում եմ, անկախ խոսքերից, փաստը մնում է փաստ՝ դրանց գործունեությունը ֆինանսավորում է Պենտագոնը, իսկ դա ոչ միայն խնդիր կարող է առաջացնել Հայաստանի համար, այլև տարածաշրջանի»,- ասաց նա:
Արման Ղուկասյանի կարծիքով, վերոնշյալը հստակ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այդքան հարթ չեն, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները եւ մեր իշխանությունների հայտարարությունները ոչ միշտ են համընկնում իրականության հետ. «Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է հաշվի առնվեն երկու երկրների շահերը և այդ հարաբերությունները պետք է հավասար հիմքով կառուցվեն: Բայց եթե արվում են միայն հայտարարություններ ու դրան զուգահեռ սխալ քայլեր, ապա այդ հարաբերությունները չեն կարող լինել լավը ու փայլուն: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը պետք է լինի թափանցիկ և իր խոսքերը համապատասխանեցնի իր քայլերին»:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության մամուլի կենտրոն