Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կրկնությունները ո՞ւմ են պետք՝ իրե՞նց, թե՞ իրենց նստարանին, մենք Մարտի 1-ից այնքա՜ն ենք հեռացել». Սեդա Սաֆարյանը բողոքեց, դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննարկումը

Հուլիս 14,2020 17:30

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանադրական կարգի տապալման գործի քննության ժամանակ ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեցին գործն ուղարկելու ՍԴ ու վարույթը կասեցնելու: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Պաշտպանները հիմնավորում էին, որ իրավական անորոշություն կա, հղում էին անում ԵԽԽՎ բանաձեւին, կարծիքներին: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ քրեաիրավական նորմերը միշտ կարելի է դարձնել որոշակի: Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններին նախորդած եվրոպական կառույցների արձագանքից պարզ է,որ նրանք, օրինակ, ԵԽԽՎ-ն ոչինչ չի ասել ՔրՕրի 300 հոդվածով նախատեսված հանցակազմի, այդ նորմի անորոշության մասին:

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգ եզրույթին, դատախազն ասաց, որ դրա բովանդակությունը կարելի է հասկանալ մասնագիտական նույնիսկ ոչ այնքան խորը կրթության միջոցով. «Դեռ այն ժամանակ 2008, 2009, 2010-ի դասագրքային մեկնաբանությունները կարդալ ու հասկանալ, թե ինչ է դրա տակ»: Նա նաեւ ընդգծեց, որ իրենց մեկնաբանությունները համընկնում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ՝ սահմանադրական կարգի տապալման առումով: Դատախազը վստահեցրեց, որ հիմքեր չկան ՍԴ դիմելու, քանի որ պարզ է՝ այդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը. «ԱԺ-ն 2009-ի փոփոխությունների ժամանակ հստակ արձանագրել է, որ 300 եւ 300.1 հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշներին եւ այլ պետությունների նմանատիպ հոդվածներով սահմանված իրավանորմերին»:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ պաշտպանական կողմը կրկին իրավունքի չարաշահման տիրույթում է, դատավոր Դավիթ Գրիգորյանին են հղում անում, մինչդեռ նա կանխակալ մոտեցում է ունեցել ՍԴ դիմելու:

Սաֆարյանը նշեց, որ Քոչարյանը շատ լավ պատկերացրել է, թե ինչ է անում. «Ախր այնպիսի հարցեր են բարձրացնում, ուզում եմ հասկանամ՝ այս կրկնությունները ո՞ւմ են պետք՝ իրե՞նց, թե՞ իրենց նստարանին: Մենք Մարտի 1-ից այնքան հեռացել ենք, ամեն օր գործի փաստերից դուրս նստում եւ այս կարգի վերլուծություններ ենք անում, չգիտեմ ինչի համար ենք անում»: Նա ասաց, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատարանը որոշեց, որ հիմա միջնորդություններին չի անդրադառնա, մինչեւ միջնորդությունների հետ կապված հարցի լուծման համար էական հանգամանքներ ի հայտ գան, ուստի հետաձգեց միջնորդության հետ կապված որոշումը: Բացի այդ, դատավորը նշեց, որ ներկա դրությամբ ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հարցը: Ուստի մինչեւ այդ գործի քննությունը, ինչպես նաեւ Վճռաբեկ բողոքների քննությունը, որոշվում է միջնորդությունները հետաձգել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031