Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ երբ արտակարգ դրության պայմաններում պարետատունը թույլ չի տալիս բազմամարդ միջոցառումներ իրականացնել, ինչպե՞ս է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտորի ընտրություններ անցկացնելու հուլիսի 17-ին:
«Շատ կարեւոր հարցադրում է, եւ բոլորս պարտավոր ենք հաշվի առնել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական եւ ենթաօրենսդրական բոլոր որոշումների կատարումը, այդ թվում՝ եւ արտակարգ իրավիճակ է, որը նշանակում է սահմանափակումներ մեր առօրյայում՝ հասարակական եւ պետական գործունեության մեջ: Սահմանափակումներին ենթարկվելու ենք, ոչ մեկը չի կարող չենթարկվել, ինչպիսի լավ գործ անելու պայման լինի»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ իր ընկեր պատգամավորներին ասել էր, որ բոլորից պահանջում են դիմակ կրել, սակայն ԱԺ-ում ամենաշատն են խախտում պարետատան որոշումը: Վահագն Խաչատրյանը նաեւ հիշեց Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով գալը ու դրանից հետո լրագրողների հետ հանդիպումը, երբ ոչ նա դիմակ ուներ, ոչ էլ լրագրողները:
«Ուրախ եմ, որ դրանից հետո արձագանքն արագ էր, Արարատ Միրզոյանը հրահանգ էր տվել ՝ շատ արագ կրել դիմակներ եւ ենթարկվել պարետատան որոշումներին: Նույնը վերաբերում է նաեւ մեր ապագա ընտրությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կխորհրդակցեն պարետատան հետ եւ կանոներով կառաջնորդվեն: Որեւիցե մեկը, այդ թվում՝ առաջին հերթին ես, չենք պատրաստվում օրենք խախտել»,-ընդգծեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ