Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշած եմ․ 170 տարվա ընթացքում տեղումների նման քանակ չի եղել Գյումրիում»․ քաղաքապետի պարզաբանումը

Հուլիս 14,2020 17:03

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով իր կառավարած քաղաքում երեկ տեղացած կարկտահարության ու հորդառատ անձրևի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից ու բնակիչների կրած վնասներից։

Քաղաքապետը նշեց, որ սա աննախադեպ երևույթ էր Գյումրու պատմության մեջ։

Սամվել Բալասանյանը հիդրոմետ ծառայությունից տվյալներ է վերցրել՝ պարզելու ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառը, հասկանալու՝ ի վերջո քաղաքի ջրահեռացման նորմալ համակարգ չունենա՞լն է, թե՞ տեղումների առատությունը։

«Քանի որ այսօր բոլորին հետաքրքրում է ջրահեռացման համակարգը, հիդրոմետ ծառայությունից ես այսօր տվյալներ վերցրեցի։ Ըստ վիճակագրության՝ հուլիս ամսին պիտի լինեին 46 միլիմետր տեղումներ, բայց իրականում մեկ օրվա ընթացքում եղել է 81 միլիմետր և շատ հետաքրքիր է, որ 170 տարվա իրենց գործունեության մեջ առաջին անգամն է, աննախադեպ երևույթ է։

Ինձ համար էլ աննախադեպ երևույթ է, վերջը այս քաղաքում բնակվել ենք և նման իրավիճակ երբեք չենք տեսել։ Ես նաև գոհունակություն եմ ուզում հայտնել․ այն փողոցները, որը կառուցեցինք անցած տարի ՎԶԲ-ով և շահագործման հանձնեցինք այս տարի, դրանց ջրահեռացման համակարգը յուրահատուկ էր․ Նժդեհի փողոցն էր, Տիգրան Մեծն էր, Սայաթ-Նովան, Երևանյան խճուղին և Կոմիտասն էին։ Ես դրանից հետո, իհարկե, դուրս եմ եկել, երբ բացեցինք կամուրջի տակի հատվածը, ջուրը հեռացավ, բոլորիս համար զարմանալի էր, չէր կարող այդպիսի երևույթ տեղի ունենալ, բայց տեղի ունեցավ․ մեքենան չէր երևում սառույցների տակից։ Ես ման եկա քաղաքում և համոզվեցի, որ տարբեր նրբանցքներից, փողոցներից, որոնք ասֆալտապատ չեն, շիբին կամ չգիտես տարբեր տեսակի աղբ չէր բերել փողոցներ, սա նույնպես շատ կարևոր է»,-ասաց քաղաքապետը։

Վերջինս ասաց, որ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Գյումրու «Ավտոկայարան» թաղամասում․ բնակիչներն, անտեսելով քաղաքապետարանի հորդորները, աղբը նետում են գետակի մեջ ու նեղացնում հունը։ Ըստ քաղաքապետի, այդ պատճառով էլ, երբ հորդառատ անձրևներ են լինում, ջուրը լցվում է տնակները։

Սամվել Բալասանյանը նշեց, որ այսօր բաժնի պետերի հետո խորհրդակցություն է ունեցել, մինչև ժամը 17․00 կփորձեն ի մի բերել բոլոր վնասները, այդ թվում սեփական տների, տնակների, փողոցների, բազմաբնակարան շենքերի ու վերլուծություն կկատարեն, կստանան նախնական պատկերը ու կկողմնորոշվեն՝ ինչով կկարողանան օգնել բնակիչներին։

«Երեկվա դեպքն աննախադեպ էր, որ կարկուտը եկավ, կարկուտը սառցաբեկորներ դարձավ, սառցաբեկորները եկան, փակեցին ջրատար անցքերը։ Տեսաք, որ փոքրիկ նավակով մոտեցան, ինչ-որ տեղ հեռացրեցին, հոսքը գնաց ու կարողացանք ազատվել այդ իրավիճակից։ Այսպիսի դեպքեր չեն կարող լինել հաճախակի, սա աննախադեպ է»,-նորից շեշտեց քաղաքապետը։

Նա ասաց, որ այսօր ընդունել է «Ավտոկայարանի» տուժած բնակիչներին, հանձնարարել է բնակկոմունալ բաժնի աշխատակիցներին գնալ ու ուսումնասիրել կրած վնասները։

Ըստ քաղաքապետի՝ ամեն ինչ անելու են տուժած բնակիչների համար, նույնիսկ ավագանու արտահերթ նիստ են հրավիրելու ու դրամական օգնություն են հատկացնելու։

Բանախոսի ասելով, եթե այնպիսի իրավիճակ լինի, որ անհնար լինի այլևս բնակվել այդ տնակում կամ տանը, քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները կմտածեն ինչ անել։

«Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարություն, ես այսօր պարոն Պապիկյանի հետ խոսել եմ, պայմանավորվել եմ, դրա համար արտակարգ իրավիճակի հետ կապված խորհրդակցություն հրավիրեցի, հանձնարարական տվեցի, որպեսզի այդ վերլուծությունը ես ուղարկեմ իրենց»։

Քաղաքապետը խոսեց նաև ստացած ահազանգերից, ասաց, որ երեք մեքենա են տուժել, որոնք մնացել էին սառցաբեկորների մեջ։ Բազմաբնակարան շենքեր նկուղներում ջուր է կուտակվել, հավաքում են համատիրությունների ուսումնասիրությունները։

«Նկուղներում բավականին ջուր է կուտակվել, երեկ ԱԻՆ նախարար պարոն Ցոլակյանը զանգահարեց, հինգ հատ բրիգադ ուղարկեց, որպեսզի կարողանան այդ ջրերը հանել․ 50 տեղից ահազանգ ունեինք։ Շատ ենք աշխատել, ճիշտն ասած մինչև գիշեր աշխատեցինք, հետո հոսանք չեղավ, որ խանգարեց մեր աշխատանքներին, բայց փորձեցինք անել ամեն ինչ։ Տեսեք սեփական սեկտորին օգնելու ենք, տնակներին օգնելու ենք, բազմաբնակարան շենքերի կտուրների հետ կապված եթե խնդիր կա, արդեն ունենք մեր ներդրումը։ Սուբվենցիա ենք տալիս, բոլորին օգնելու ենք, ավելացնելու ենք։ Վերլուծություն կատարենք, ժամը 18․00-ին նորից խորհրդակցություն է մեր մոտ»,-ասաց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ կամուրջում ստեղծված երեկվա իրավիճակից հետո մտածում են այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին։ Նա ներկայացրեց քաղաքի խոցելի տեղերն ու անելիքները։

Քաղաքապետը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ իրենք տուժած բնակիչների կողքին են, չպիտի խնայեն ոչինչ։

«Մեկ-մեկ ցույց են տալիս Հնդկաստանում, որ մեքենաները լողանում են, երեկ այդ պատկերը Գյումրիում էր։ Չի եղել նման բան իմ ամբողջ կյանքի ընթացքում․․․ Կարկուտ եղել է, անձրև եղել է, անձրևը չէր դադարում»,-ասաց քաղաքապետը։

Նա հավաստիացրեց, որ շուտով Գյումրիում կյանքը կլինի այնպիսի, ինչպիսին եղել է նախքան արտակարգ իրավիճակը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031