Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում

Հուլիս 14,2020 16:43

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:

Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները։ «Տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները»։

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ:

Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»:

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031