Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկաները կգան կասեն՝ այստեղ կրակել են, չեն կրակել, այնտեղ ինչ մեքենան է ընկել… այդ ապացույցների բովանդակությունը այս միջնորդության հետ ոչ մի կապ չունի». Ալումյան

Հուլիս 14,2020 16:40

«Իրավիճակի զարգացումը հանգեցրել են նրան, որ ձեզ մոտ առկա են բոլոր հիմքերը՝ նշված հարցով դիմելու ՍԴ: Հակառակ պարագայում կունենանք այն իրավիճակը, որ մենք սկսենք շարունակել դատաիրավական գործողություններ անել, բայց կպարզվի, որ 300-րդ հոդվածը սահմանադրական չէ ու ռեսուրս ենք վատնել այստեղ»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանադրական կարգի տապալման գործի քննության ժամանակ այսպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հիմնավորում էր իրենց միջնորդությունը՝ գործն ուղարկելու ՍԴ ու վարույթը կասեցնելու: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Ըստ Արամ Վարդեւանյանի, եթե ստացվի, որ դա հակասահմանադրական հոդված է, 300.1 հոդվածը չի կարող լինել դրա բարելավող նորմը. «Եթե մի բան չկա, գոյություն չունի, ո՞նց կարող է լինել դրա բարելավվածը, որը կարող է լինել էլ ավելի վատը»:

Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Հայկ Ալումյանն էլ ասաց՝ այն, որ նախկինում գործող խմբագրությամբ 300-րդ հոդվածը խնդիր ունի իրավական որոշակիության հետ, ընդունել է նաեւ ԱԺ-ն: Ըստ Ալումյանի, իդեալական լուծում կլիներ այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ինքը որոշեր, որ այդ հոդվածն այս գործով կիրառման ենթակա չէ, բայց քանի որ դա քննարկելի հարց է, պետք է դիմի ՍԴ. «Դատարանը չի կարող հետաձգել այս միջնորդության քննությունը մինչեւ ապացույցների հետազոտումը, որովհետեւ այն խնդիրը, որը մենք ձեր առաջ դրել ենք, ընդհանրապես ապացույցների հետազոտման հետ կապ չունի: Այսինքն, վկաները կգան կասեն՝ այստեղ կրակել են, չեն կրակել, այնտեղ ինչ մեքենան է ընկել, ՍԴ դատավորի վրա ճնշում չի եղել, մեկն էլ կասի՝ եղել է, այդ ապացույցների բովանդակությունը այս միջնորդության հետ ոչ մի կապ չունի»:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հավելեց, որ այս պահին զուտ իրավական խնդիր են դրել դատարանի առջեւ, ինչը կանխորոշելու է հետագա գործընթացը. «Մենք առաջարկում ենք չգնալ այն ճանապարհով, որ բովանդակությունը քննության առարկա դառնա, վերջում պարզվի, որ սխալ ելակետից ենք դուրս եկել»:

Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միացավ՝ ասելով, որ այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն ու պատասխան տվողը ՍԴ-ն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031