Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս պետք է հիմա վեր կենանք եւ գնանք այստեղից, այս գործն էլ անմիջապես փակվի». Քոչարյանի պաշտպանները պահանջում են գործն ուղարկել ՍԴ եւ վարույթը կասեցնել

Հուլիս 14,2020 16:15

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունն էր:  Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Նիստի մեկնարկին բավականին տեւական ժամանակ տեխնիկական հարցեր էին լուծվում՝ միմյանցից սոցիալական հեռավորություն ապահովելու, դահլիճի ակուստիկայի հարցերը: Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց, որ լավ չի լսում, խնդրեց ավելի առաջ նստել, սակայն Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց՝ ասելով, որ նրանք նիստի ժամանակ իրենց խանգարում են:

Քլոյանը նեղսրտեց. «Լավ, այսքան կարելի՞ է մեզ նսեմացնել, հարգելի նախագահող: 30 տարի տառապել ենք»: Ցույց տալով Քոչարյանի կողմը՝ նա ինչ-որ դժգոհություններ սկսեց հայտնել՝ դեմքի, հայացքի հետ կապված, ասելով, որ չի ուզում դա տեսնել: Ի վերջո Քլոյանը նիստի կեսից լքեց:

Դատարանը միջնորդություն էր ստացել տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանից՝ դատախազներ Գեւորգ Բաղդասարյանին եւ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Բայց Ասլանյանն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, ուստի միջնորդությունը դեռ չքննարկվեց:

Նաեւ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանները ՝ Հովհաննես Խուդոյանն ու Կարեն Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել կասեցնելու գործի վարույթը եւ ուղարկել գործը ՍԴ: Խուդոյանն ասաց, ՍԴ դիմելը հիմք է՝ գործի քննության ընթացքը կասեցնելու այնքանով, ինչքանով դա խոչընդոտում է որոշակի գործողությունների կատարմանը: Դատարանն ամեն դեպքում, մինչեւ կասեցնելը կատարում է բոլոր հնարավոր դատավարական գործողությունները. «Ինձ համար անկեղծ ասած տարբերություն չկա՝ դատարանը կասեցնում է, թե չի կասեցնում վարույթը այդ ընթացքում, բայց ինստիտուտի տրամաբանությունը դա է հուշում, դատարանը չի կարող կայացնել որոշումներ, որոնց լուծումը կախված է հոդվածի սահմանադրականության գնահատումից: Երբ նայում ենք դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ 2019-ի մայիսի 18-ի որոշումը, այնտեղ դատավորը վերապահում է կատարում կիրառվելիք ակտերի սահմանադրականության առումով: Խափանման միջոցի առումով գնահատական տալիս է՝ վերապահումով, որ այս հարցը ենթակա է ստուգման: Վճռաբեկ դատարանն այժմ պետք է անդրադառնա այն հարցին, թե դատական  պրակտիկան ինչու է կոնկրետ այդ գործի շրջանակներում ձեւախեղվել, ուստի գտնում եմ, որ 300-րդ հոդվածի մասով առնվազն դատարանն իրավասու է դիմել ՍԴ, իսկ Սահմանադրական դատարանի 1459 որոշման տրամաբանությունից ելնելով՝ դատարանները ոչ միայն իրավասու են, այսինքն, ՍԴ դիմելու հարցը հայեցողական խնդիր չի, այլ բոլոր այն դեպքերում, երբ կա կասկած կիրառվող նորմի սահմանադրականության հարցով, դատարանի պարտականությունն է այս դեպքում դիմել ՍԴ: Հիմա այն բոլոր միջնորդությունները, որ նախկինում եղել են գործի կարճման, հետապնդման դադարեցման հետ կապված, որը ձեր կողմից հետաձգվել է, բոլոր այս որոշումների հիմքում դրված է լինելու հենց 300-րդ հոդվածը: Եթե մենք համաձայնության ենք գալիս, որ 300-րդ հոդվածը կիրառելի չէ այս գործով, մենք բոլորս պետք է հիմա վեր կենանք եւ գնանք այստեղից , այս գործն էլ անմիջապես փակվի, որովհետեւ 300.1 հոդվածը 2009-ից առաջ գոյություն չի ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031