Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ՝ ամսական նորմայի կրկնակին. Շրջակա միջավայրի նախարարությունը՝ աննախադեպ քանակի անձրևի և կարկուտի պատճառների մասին

Հուլիս 14,2020 16:20

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը փոխանցում է

Ըստ բազմամյա կլիմայական առանձնահատկությունների հուլիս ամսին Հայաստանի տարածքում եղանակային պայմանները կայունանում են, ցիկլոնային գործունեությունը դադարում է։ Մեր տարածաշրջանում տիրապետող են դառնում արևադարձային լայնություններից ներթափանցող չոր և տաք օդային հոսանքները, որոնք ձևավորում են շոգ և չոր եղանակներ։ Սակայն առանձին տարիներին այդ օրինաչափությունը խախտվում է։

Վերջին 5 օրերին պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ, ուղեկցվելով ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում նաև տեղացել է կարկուտ։

Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։

Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևյալն է․

Հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանկարի վրա։ Ցերեկը ժամը 15։00 դրությամբ ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։

Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը ժամը 15։00 տվյալներով նկատվում են հզոր ամպրոպային ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14կմ-ի և ունեն 50դբզ անդրադարձման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։

Քանի որ 5000-7000մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00 սահմաններում հասել են Շիրակ, իսկ ամենաակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ։

Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։

Շրջակա միջավայրի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031