ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի՝ հուլիսի 12-ից ի վեր նախաձեռնած և դեռևս շարունակվող ռազմական սադրանքը, ներթափանցման փորձերը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ծանր հրետանու գործադրումը: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ չնայած համաճարակին և անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 90 օրով համընդհանուր հրադադար հաստատելու մասին ընդունած որոշմանը:
Այս տարվա մայիսին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ լայնածավալ զորավարժություններից, Բերքաբեր գյուղի հրետակոծությունից հետո, Ադրբեջանն այժմ էլ խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օգտվելով COVID-19-ի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից: Դատապարտելի է նաև Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը, փաստերը խեղաթյուրելով, հրապարակայնորեն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին: Թուրքական և ադրբեջանական իշխանությունները երկար տարիներ համագործակցում են՝ Հայաստանը աշխարհաքաղաքականորեն և տնտեսապես մեկուսացնելու համար: Ցավոք, թուրքական իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը և հրաժարվում են անցյալից դասեր քաղել, այլ նաև ակտիվորեն քաջալերում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող ռազմական ագրեսիան:
Որպես եվրոպական հասարակական կազմակերպություն՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կոչ է անում Եվրոպական միությանը, ԵՄ հաստատություններին և անդամ-երկրներին խստորեն դատապարտել ատելության խոսքի տարածման և Արցախյան հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու ցանկացած փորձ: Անցած ամիսների ընթացքում ադրբեջանական իշխանությունները և լրատվամիջոցները շարունակաբար աղավաղում և շահարկում էին Եվրոպական խորհրդարանի բանաձևերի բովանդակությունը՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել ռազմական հարձակման համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է Արցախյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին: Հայատյացության քաջալերումն արդեն տասնամյակներ շարունակ Ադրբեջանում պետական քաղաքականություն և երկրի ներքին խնդիրներից շեղելու միջոց է:
Մեկնաբանելով իրավիճակը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. – « Ինչպես ամբողջ աշխարհը Հայաստանը պայքարում է համավարակի դեմ: Բացի այդ՝ այժմ այն ստիպված է նաև կասեցնել ադրբեջանական ռազմական հարձակումը: Ցավոք, այսօր Ադրբեջանը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Եթե ԵՄ-ն կամենում է իր հարևանության երկրներում խաղաղարարի դեր կատարել, ապա այն պետք է ատելության խոսքի դեմ հստակ միջոցներ ձեռնարկի, այն է՝ հստակորեն նշի, որ Ադրբեջանն է ագրեսորը: ԵՄ-ն պետք է նաև Թուրքիան ենթարկի պատժամիջոցների այլատյացության քարոզի և Հայաստանի՝ ինքնիշխան պետություն և ԵՄ գործընկեր երկրի դեմ ռազմական ագրեսիան սատարելու համար»:
Կարդացեք նաև
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ