«Արտակարգ դրության, արտակարգ պայմանների երկարաձգումը բացարձակապես կապ չունի առողջապահական խնդիրների հետ»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունը լիներ վստահ, որ քաղաքացիները ամբողջովին կիսում են իր քաղաքականությունը, արտակարգ դրությունը չէր երկարաձգվի․ «Բայց վստահ եմ, իշխանությունները շատ լավ տեղյակ են իրական հարցումներին, այսօրվա իշխանության և վարչապետի իրական վարկանիշին, և դրա համար իրենք վախեցած են։ Վախեցած են, որ այն ժողովրդին, այն մարդկանց, որոնց ինքը սովորեցրեց իշխանությունը փոխելու կարճ ճանապարհը, այդ նույն ճանապարհով մարդիկ արդեն ասում են, տարբեր քաղաքացիներ, տարբեր սոցիալական շերտերի՝ տաքսիստներից սկսած, խանութի վաճառողներով, բժիշկներով, մանկավարժներով, արդեն ասում են՝ ինքը մեզ սովորեցրել է իշխանություն փոխելու ձևերը, մենք դա գիտենք՝ փողոց կփակենք, հրապարակում կհավաքվենք, կդժգոհենք, մեր կարծիքը կհայտնենք, և իրեն կփոխենք, որովհետև արդեն, ցավալիորեն, երկու տարվա ընթացքում ինքը կարողացավ մսխել այն ահռելի վստահությունը, որ ուներ, այն շատ բարձր վարկանիշը, որ ուներ որպես քաղաքական գործիչ և որպես Նիկոլ Փաշինյան։ Իսկ իշխանությունը իր տարբեր շերտերով՝ Ազգային ժողով, կառավարություն և այլ գերատեսչություններ, սրանք նույնպես իրենց գործողություններով ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգում իրենք ապաշնորհ են, ցավոք սրտի»։
Մարգարիտ Եսայանը կարծում է, եթե պետական համակարգում աշխատողները դժգոհեն, դա կլինի վերջը․ «Եթե համակարգերն էլ սկսեն ներսից չաշխատել, ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր պետության հետ։ Եվ այդ արտակարգ դրությունը միայն մեկ բացատրություն ունի՝ երկարաձգել, որ մարդիկ փողոց դուրս չգան և չմերժեն Նիկոլին, և նույնի տրամաբանական շարունակությունը՝ ներքին ահագնացող վախն է, որ ունի այսօրվա իշխանությունը՝ իշխանությունը կորցնելու վախն է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ