Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահին նոր լիազորություն են տալիս՝ ընդդիմությանը զրկելով կոնսենսուսով թեկնածու առաջադրելու իրավունքից. «Սա ուղիղ ճանապարհ է՝ դեպի ավտորիտարիզմ»

Հուլիս 14,2020 14:56

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգ» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին: Գործող կարգավորմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ է ձեւավորվում: Խորհրդի համալրումը նաեւ ԱԺ-ի կողմից թեկնածուի առաջադրմամբ է լինում՝ խորհրդարանում առկա խմբակցությունների կոնսենսուսով: Քանի որ կոնսենսուս չի ձեւավորվել մրցութային խորհրդում թեկնածուի առումով, նշված խնդիրը լուծելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուի ընտրության գործընթացը չխոչընդոտելու համար պատգամավորն առաջարկում է կոնսենսուսի պահանջը հանել ու այդ իրավունքը վերապահել ԱԺ նախագահին: Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այդ լիազորությունը տալիս են ԱԺ նախագահին, բայց նրան ոչինչ չի խանգարի, եթե խորհրդակցի խմբակցությունների հետ:

Այս առնչությամբ պետաիրավական փորձաքննության բաժինը եզրակացություն է տվել՝ նշելով, որ «նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներով մրցութային խորհրդի թեկնածուի առաջադրման կոլեգիալության սկզբունքը փոխարինվում է միանձնյա սկզբունքով՝ թեկնածուի առաջադրման սկզբունքը վերապահելով ԱԺ նախագահին, մինչդեռ մյուս կոլեգիալ մարմինների դեպքում՝ կառավարություն, ԲԴԽ, Փաստաբանների պալատ, այդ սկզբունքը շարունակվում է պահպանվել»: Այսինքն, ըստ եզրակացության, սա արդար մոտեցում չէ, սակայն Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այդ համեմատությունը չի ընդունում:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ փորձագիտական եզրակացությունը ճիշտ է, կոլեգիալ մարմին է սա ու նախագծով կոլեգիալության սկզբունքը խաթարվում է, տալիս են մեկ անձի. «ԱԺ նախագահը անձ է, որը ներկայացնում է ԱԺ-ն, բայց ներկայացնում է արարողակարգերի, միջոցառումների ժամանակ, նա չի կարող արտահայտել բոլոր քաղաքական ուժերի կամքը»: Ըստ Տարոն Սիմոնյանի, մի թեկնածուի հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել ու ուզում են օրենքը փոխել, այսօր կարող է կոնսենսուս չլինի, վաղը մեկ այլ թեկնածուի շուրջ կարող է լինի. «Չե՞ք կարծում, որ այսպես քայլ առ քայլ իշխանության գերկենտրոնացում եք կատարում իշխանության ներկայացուցիչների ձեռքում՝ զրկելով այն փոքրիկ լծակից, որ այսօր ընդդիմադիր խմբակցություններն ունեն՝ ազդելու որոշումների վրա: Եթե այս միտումը շարունակվի, կարող եք ցանկացած հարցի պարագայում, որտեղ կա խորհրդատվություն ընդդիմության հետ, դիտավորյալ տեխնիկական խնդիրներ առաջացնեք, որ էլի ընդդիմությանը զրկեք այդ իրավունքից: Վաղը դուք կարող է ընդդիմություն լինեք, արդա՞ր է այս մոտեցումը»:

Որպես հակափաստարկ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանն ընտրվել է բոլոր երեք խմբակցությունների կողմից:

Իմքայլական Սերգեյ Ատոմյանն ասաց, որ գուցե համախոհության սկզբունքով եթե թեկնածու չլինի առաջադրել, նոր ԱԺ նախագահն այդ լիազորությունը ստանձնի: Սուրեն Գրիգորյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կողմ էր Ատոմյանի ասած տարբերակին: Սուրեն Գրիգորյանն ասաց, որ մտավախություն ունի, թե այս անգամ ընդդիմությունը կասի՝ համախոհության սկզբունքով թեկնածու առաջադրելու միանգամյա փորձը ձեւական բան է, մեկ է, հետո ԱԺ նախագահն է որոշելու:

«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ ընդդիմության թեկնածուին արդեն տեղ են տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ու հենց նա էլ նախագահում է: Սուրեն Գրիգորյանն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ այն պահից, երբ քվեարկությամբ ԱԺ-ն ընտրում է, այլեւս կարեւոր չի դառնում, թե որ խմբակցության թեկնածուն է եղել, կարեւորը՝ ողջ ԱԺ-ի կողմից ընտրվել է, բացի այդ, կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ ընտրվում է հենց հանձնաժողովի ներսում. «Նաեւ՝ խոսքն այս պահին չի գնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուի մասին, այլ՝ հանձնաժողովը համալրող թեկնածուի ընտրության հանձնաժողովը համալրելու մասին ու մեկը մյուսին բալանսավորելու տրամաբանություն չեմ տեսնում»:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը կառավարության կողմից ասաց, որ իրենց համար առաջնահերթություն է այս գործընթացի հնարավորինս արագ կազմակերպումը ու չպետք է մոռանալ, որ մրցութային մարմինը բավականին ներկայացուցչական մարմին է, ՄԻՊ-ի, ԲԴԽ-ի, Փաստաբանների պալատի, կառավարության եւ ԱԺ-ի, այս 5 մարմինների ներկայացուցիչները պետք էը անդամներ ընտրեն մարդկանց, որոնք հետո կհավակնեն դառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Անդամի ընտրության հնարավորությունը, միեւնույն է, պատկանում է ԱԺ-ին: Ուստի կառավարության համար ընդունելի էր Սուրեն Գրիգորյանի նախագիծը, ավելին՝ հորդորում էին հրատապ այն ընդունել:

Տարոն Սիմոնյանն իր ելույթում ասաց, թե որքան անթույլատրելի բան են անում այս նախագծով՝ ուղերձ հղելով, որ քաղաքականության մեջ խորհրդարանական մշակույթը գոյություն ունենալու իրավունք չունի Հայաստանում. «Կտրել թափելով ու միանձնյա որոշում կայացնել միշտ կարելի է, բայց սա ուղիղ ճանապարհ է՝ դեպի իշխանության գերկենտրոնացում եւ դրա խեղաթյուրված տարբերակը՝ ավտորիտարիզմ»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ եթե շարունակեն կոնսենսուսային մոտեցումը, կարող է 2024 թվականին նոր մրցութային խորհուրդն ունենան. «Մեկ ասում եք՝ միջազգային գործընկերներին լսեք, մեկ ասում եք՝ մի լսեք: Հիմա մենք լսել ենք ու բերել ենք այս նախագիծը»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ մեկ «դեմ» ձայնով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031