Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր զինված միջադեպը. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Հուլիս 14,2020 14:37

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր զինված միջադեպը, կիրակի օրվանից սկսված փոխհրաձգությունները շարունակվում են: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Պարբերականը զրուցել է կողմերի ներկայացուցիչների հետ, որոնք հակամարտության էսկալացիայի համար մեղադրում են միմյանց՝ ենթադրելով, որ «սադրանքի նպատակը մարդկանց ներքին խնդիրներից շեղելն է»:

Պարբերականը նշում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները միջադեպի վերաբերյալ գրեթե նույնն են, բացառությամբ մի կարևոր մանրուքի՝ ով է առաջինը կրակել:

Երևանում հայտարարել են, որ հուլիսի 12-ին՝ կեսօրին, ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով փորձել են մոտենալ հայկական դիրքերին: Այն բանից հետո, երբ հայ դիրքապահները նախազգուշացրել են, ադրբեջանցիները թողել են մեքենան և վերադարձել են իրենց դիրքեր, որից հետո հրետանային կրակ են բացել Հայաստանի ուղղությամբ:

Բաքվի վարկածն այլ է՝ «հայերն են առանց պատճառի խախտել հրադադարի ռեժիմը», գրում է պարբերականը և շեշտում, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլ հայկական Տավուշի և ադրբեջանական Թովուզի միջև սահմանի, որտեղ միջադեպեր հազվադեպ են լինում:

ՀՀ Բերդ համայնքի ղեկավարը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է, որ խուճապ չկա, մարդիկ պարում են իրենց առօրյա կյանքով:

Պարբերականը նշում է, որ միջադեպից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Բացի այդ՝ ՀՀ ԱԳ նախարարը զանգահարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ Ստանիսլավ Զասին, և ներկայացրել մանրամասն տեղեկատվություն հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Բայց կազմակերպության արտահերթ նիստը, որը նախատեսված էր երկուշաբթի, անսպասելի հետաձգվել է՝ անորոշ ժամկետով: Ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ արտահերթ նիստի հետաձգման իրական պատճառը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշումն է, առավելագույնը ինչ պետք է սպասել հայտարարությունն է այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկրներն անհանգստացած են ստեղծված իրավիճակի առնչությամբ, գրում է «Կոմերսանտ»-ը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ պարբերականի հետ զրույցում ասել է, որ Բաքուն տեղի ունեցած միջադեպը առիթ չի համարում դաշնակիցներից, մասնավորապես Թուրքիայից օգնություն խնդրելու համար: Այնուամենայնիվ, Անկարան արդեն իսկ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները համակարծիք են այն հարցում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս լարվածությունը հեռահար հետևանքներ չի ունենա: «Կարծում եմ սա տեղային բախում է, բավականին խոշոր, քանի որ ադրբեջանական կողմից կան սպանվածներ, օգտագործվել է հրետանի, տանկեր, բայց միայն լոկալ մակարդակով: Ակնհայտ է, որ Ադրբեջանում իրավիճակը բարենպաստ չէ, ինչը կապված է նավթի գների, կորոնավիրուսի, ինչպես նաև էլիտաների ներսում որոշակի բախումների հետ»,-ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նման ենթադրություն պարբերականի հետ զրույցում արել է նաև Ֆարհադ Մամադովը: «Մի շարք պատճառներ կան՝ և՛ կորոնավիրուսը, և՛ սահմանադրական, քաղաքական ճգնաժամերը»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանն իր աջակցությունը չի հայտնել Նիկոլ Փաշինյանին :

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031