Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդ ունենք, որ ծանր վիճակում պառկած է ու ասում է՝ կորոնավիրուս չկա». հիվանդության բարդացման հիմնական պատճառներից է բժշկին չլսելը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 14,2020 13:26

Միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում առավոտը հիվանդաշատ էր. հիվանդանոցային մասնաշենքին էին պարբերաբար մոտենում շտապօգնության մեքենաները՝ բերելով հիվանդների, իսկ պոլիկլինիկական հատվածում հերթ էր՝ հիմնականում սոցիալական հեռավորության գծիկների միջակայքերով:

Բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Մարինե Տարախչյանը, որ ավելի քան երկու ամիս աշխատել է ստացիոնար հիվանդների հետ, մեզ հետ զրույցում նշում է, որ վերակենդանացման բաժանմունքում մարդկանց հայտնվելու հիմնական պատճառը կորոնավիրուսն ուղեկցող քրոնիկ հիվանդություններն են՝ շաքարային դիաբետը, ճարպակալումը, քաղցկեղը, ասթմաները եւ այլն, բայց երկրորդ՝ ոչ փոքր պատճառը բժշկական ցուցումներին չհետեւելն է:

Կորոնավիրուսով ծանր հիվանդների հետ իր երկամսյա աշխատանքի փորձն ամփոփելով՝ Մարինե Տարախչյանը հավաստում է, որ հիմնականում վերակենդանացման բաժնում հայտնվում են բժիշկներին չլսելու հետեւանքով. «Օրինակ, բժիշկն ասում է, որ այս հիվանդը պիտի պառկի փորի վրա, քանի որ դա իր համար թիվ մեկ դեղամիջոցն է: Մարդը չի գիտակցում ասվածի կարեւորությունը եւ պառկում է մեջքի վրա, եւ թոքաբորբը չի բուժվում: Իսկ սա այն պարագան է, երբ ամենաբարդ ռեանիմացիոն գործողություններն արվում են փորի վրա: Երկրորդ առավել տարածված խնդիրը կապված է էնցեֆալոպատիայի՝ թթվածնային քաղցով պայմանավորված՝ գիտակցության խնդրի հետ, երբ իրավիճակը սթափ չեն ընկալում. օրինակ, երբ իրենց ախորժակը բացակայում է, հրաժարվում են սնունդ ընդունել, եւ ընդհանուր օրգանիզմն ավելի է թուլանում: Նաեւ, ունենում են դեպրեսիոն վիճակներ, որ նույնպես ազդում են դիմադրողականության վրա, եւ կրկին վիճակը վատթարանում է»: Նրա խոսքով՝ իրավիճակը ոչ ադեկվատ ընկալելուն նպաստում է նաեւ թթվածնային քաղցը՝ կորոնավիրուսի անմիջական հետեւանքներից մեկը. թթվածինն ուղեղ վատ է մատակարարվում, որով եւ մարդը կորցնում է գիտակցության հստակությունը, իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը:

«Դե շատերը, մինչեւ չեն շփվում իրական վարակի հետ, չեն հավատում, որ վտանգն իրական է» դիտարկմանն ի պատասխան բժշկուհին ափսոսանքով ժպտում է. «Մենք հիվանդ ունենք, որ ծանր վիճակում պառկած է ու ասում է՝ կորոնավիրուս չկա: Դուք ինձ հատուկ եք այստեղ պառկացրել: Նա կյանքում շատ նորմալ, ադեկվատ մարդ է, բայց հենց խոսքն այս վիրուսի մասին է լինում, սկսում է այդպիսի բաներ ասել»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031