Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը գործում է փայլուն եւ անթերի, իսկ Ադրբեջանն անգամ փոքր ծավալի դիրքային խնդիր չի կարողանում լուծել». փորձագետ

Հուլիս 14,2020 13:18

«Կարծում եմ՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ներկայումս ցածր է. Չկան դրա քաղաքական, ռազմական կամ տնտեսական նախադրյալները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների դիմելու հավանականությանը՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի սկզբանե մշակել է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սցենար. մենք ավելի շուտ գործ ունենք տեղային, դիրքային պայքարի սցենարով զարգացող ռազմական գործողությունների հետ»,-համոզմունք հայտնեց փորձագետը:

Նրա խոսքով. «Եթե Ալիևը վստահ լինի, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ կհասնի հաջողության, օր առաջ կդիմի այդ քայլին: Այսօր այդ վստահությունը ոչ միայն չկա, այլև Ադրբեջանում համավարակի, ջրային ռեսուրսների սակավության հետ կապված ճգնաժամի հետևանքով հասունացող սոցիալական դժգոհությունների ալիքը լրջորեն մտահոգում է Ալիևին: Համավարակի ու դրա հետագա հնարավոր հետևանքների անորոշությունը կարող է բարդացնել իշխանությունը պահպանելու Ալիևի գերխնդիրը: Ասեմ ավելին. ձեռք բերելով միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկա և սպառազինություն՝ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փաստացի չեն կարողանում լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրն անգամ փոքր ծավալի դիրքային գործողություններում: Ամենևին նպատակ չունենալով թերագնահատել հակառակորդին, այդուհանդերձ, օբյեկտիվորեն ու փաստերով արձանագրում ենք այդ տրամաբանությունը»:

Կարեն Վերանյանի բնորոշմամբ՝ մյուս կողմից, իհարկե, մեր զինված ուժերը հնարավորություններ չեն տալիս Ալիևի արկածախնդրություններին եւ հնարավոր «ֆանտազիաներին». «Պետք է նշել, որ միջադեպերի ողջ ընթացքում հայկական կողմն աչքի է ընկնում փայլուն ու անթերի գործողություններով բոլոր առումներով` ռազմական, տեղեկատվական և այլն: Ալիևին մնում է ապատեղեկատվությամբ իր հանրությանը զեղծարարությունը ներկայացնել որպես իրականություն: Կրկնեմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ ցածր, սակայն, այնուամենայնիվ, եթե Ալիևը գնա այդ ճանապարհով, ապա մենք չպետք է կրկնենք ապրիլյան պատերազմի սխալը` խեղդելով մեր հակահարձակման գործողությունները և տեղի տալով միջազգային հանրությանը: Այդ իսկ միջազգային հանրությունն այսօր լուռ հետևում է Ալիևի արկածախնդրություններին, ուստի նման սցենարի դեպքում մեզ անհրաժեշտ է օդային գերակայության հաստատմամբ ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք` ստեղծելով ևս մեկ անվտանգության գոտի` երաշխավորելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Ալիևի սադրիչ գործողությունները ևս մեկ անգամ հաստատում են այն թեզը, որ արցախյան անվտանգության գոտին այլևս բավարար չէ. «Վաղ թե ուշ, այդ խնդիրը պետք է մենք մեր առջև դնենք, եւ որքան շուտ, այնքան լավ: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ այսօր միջազգային հանրությունը շատ ավելի հաշվի է նստում ուժային դիրքից ելնող խաղացողների հետ, քան հակառակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031