Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել Կառավարությանը, նախարարությանը եւ բուհի խորհրդին

Հուլիս 14,2020 12:57

Դատալեքսից տեղեկանում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաեւ ՀՊՏՀ ՊՈԱԿ-ի խորհրդին: Պարոն Հայրապետյանը մի դեպքում պահանջում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը ոչ իրավաչափ ճանաչել, մյուս դեպքում էլ դիմել է դատարան՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու պահանջով :

Aravot.am-ը Ռուբեն Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչու որոշեց դատարան դիմել: «Շուրջ մեկ և կես տարի է, ինչ ԿԳՄՍ նախարարությանը բացատրում եմ, որ ՀՊՏՀ գործող խորհուրդը հակասություններ ունի օրենքի հետ: Եվ սոսկ բացատրելուց բացի, տվել էի նաև լուծումը՝ վերակազմավորում հիմնադրամի, նոր և օրինական խորհրդի ձևավորում, որի դեպքում ոչ միայն դոկտոր-պրոֆեսորները կկարողանային մասնակցել մրցույթին՝ ապահովելով բազմաթիվ արժանի թեկնածուների մասնակցությունը: Բայց քանի որ այդ մարդկանց, ինչպես պարզվեց, անօրինականության խնդիրներն այդքան էլ չեն անհանգստացնում, և ամենակարևորը հովանավորյալի շահերը համառորեն առաջ տանելն է, որոշեցին առանց հիմնավորման կասեցնել մի քանի ամսվա աշխատանքի արդյունքը և ապօրինի կազմով խորհրդում մրցույթ հայտարարել:

Ու քանի որ ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ կրթական համակարգում ամենաթողություն տիրի, դատական հայց եմ ներկայացրել, որի հիմնական պատասխանող կողմերը ՀՊՏՀ խորհուրդն ու ԿԳՄՍ նախարարությունն են: Կառավարությունը միայն ֆորմալ առումով է ներգրավված որպես պատասխանող կողմ, որովհետև ապօրինի գործընթացներով որոշված խորհրդի անդամներին ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է վարչապետի հաստատմանը:

Անօրինականությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հիմնական պատասխանող կողմի՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահն է հրապարակային հայտարարությամբ ահազանգել դրա մասին, որին միացել են նաև խորհրդի մի շարք այլ  անդամներ:

Եթե ապօրինի մրցույթն այժմ չկասեցվի, մի քանի ամիս հետո միևնույնն է՝ այն առոչինչ է դառնալու, և նոր մրցույթ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանալու՝ հավելյալ ցնցումների ենթարկելով համալսարանը»,-պատասխանեց բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը:

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, ու թեեւ պարետի որոշմամբ արգելված են բազմամարդ միջոցառումները, մրցույթն այնուամենայնիվ անցկացվելու է: Բուհի կայքից տեղեկանում ենք, որ այն մտադիր էր կազմակերպել համալսարանի մեծ դահլիճում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031