Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրում ծնունդների կրճատումը շատ լուրջ հարց է և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում. «Փաստ»

Հուլիս 14,2020 12:40
hxi

Հայաստանը անվտանգային բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, իսկ այդ սպառնալիքներից մեկն էլ երկրի ազգաբնակչության թվի նվազման խնդիրն է։ Հայաստանի բնակչությունը անկախության հռչակումից ի վեր մշտապես կրճատվել է մի շարք գործոններով պայմանավորված։ Նվազել է նաև բնակչության բնական աճը. եթե 1986 թվականին այն տարեկան կազմել է 60 հազար, ապա արդեն 2018 թվականին` 10 800։

Տեսակետներ կան, թե Հայաստանի բնակչությունը նվազել է արտագաղթի արդյունքում, սակայն խնդիրը միայն արտագաղթի կամ միգրացիայի գործոնով պայմանավորված չէ, քանի որ դրան են գումարվում նաև բազմաթիվ այլ գործոններ, այդ թվում՝ ծնելիություն, մահացություն, ամուսնություն և ամուսնալուծություն, բնական աղետներ, պատերազմական իրավիճակ, երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և այլն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Ստացվում է, որ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով պակասել է:

Իսկ ցանկացած պահի պատերազմի վտանգի տակ գտնվող երկրի համար (ինչի մասին այս օրերին հերթական անգամ հիշեցրեց թշնամին) ծնունդների կրճատումը շատ լուրջ հարց է, և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ նախաձեռնություններով հանդես գալիս է։

Դրա համար պետք է ոչ միայն ամուսնությունների և ծնունդների ավելացման նպատակաուղղված քաղաքականություն վարել, այլև սոցիալական երաշխիքներ ապահովել, որպեսզի ընտանիքներն ապահովված զգան իրենց երկրում և անգամ չմտածեն երկրից հեռանալու կամ արտագաղթելու մասին։

Այս առումով ներկայումս Հայաստանը շատ բարդ իրավիճակի առաջ է կանգնած, քանի որ հազարավոր մարդիկ կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված զրկվել են իրենց եկամուտներից կամ կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ գործազրկության աճը պայմաններ է ստեղծելու, որ մեծաթիվ քաղաքացիներ սահմանների բացումից հետո վերստին բռնեն արտագաղթի ճանապարհը։ Տա Աստված, ոչ այն ծավալներով, ինչ տերպետրոսյանական տարիներին էր…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031