Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի չստացված հուլիսի 12-ը. Ադրբեջանը սրում է իրավիճակը՝ զոհերի գնով

Հուլիս 14,2020 16:25

Ադրբեջանը ռազմական գործողությունների հող է նախապատրաստում արձանագրելով, թե իբր՝ «փաստացի բանակցային գործընթաց» չկա

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել», – հայտնել էր ՀՀ ՊՆ խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Ադրբեջանական լրատվամիջոցները նախ հայտնեցին 2 զոհի եւ 5 վիրավորի մասին: Ավելի ուշ հայտնեցին, որ վիրավոր զինծառայողներից մեկը եւս զոհվել է, իսկ ավելի ուշ արդեն ադրբեջանական կողմը հաստատեց չորրորդ զոհի մասին տեղեկությունը։

Հայտնի է, որ ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձն իրականացրել էր՝ կիրառելով հրետանային կրակ: Նույն օրը երեկոյան, ՀՀ ՊՆ մամլո խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնեց. «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթեւ մարմնական վնասվածքներ էին ստացել, հուլիսի 13-ի առավոտյան հայտնեց Շուշան Ստեփանյանը:

Կիրակի, լույս երկուշաբթիի գիշերը լարված էր: ՀՀ ԱԳ նախարարը, վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում էր ՀՀ ԱԳՆ-ն: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով եւ հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու եւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով: Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- շեշտել էր ՀՀ արտգործնախարարը:

Հուլիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, ներկայացրել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին: «ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր նախաձեռնել:

Սակայն ժամեր անց ՀԱՊԿ-ի կայքից անհետացել էր նիստ հրավիրելու մասին տեղեկատվությունը, ապա հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է, այս մասին «Ազատությանը» հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ըստ խոսնակի, նիստը հետաձգվել է կողմերի միջեւ խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաեւ պետք է հստակեցվի, թե ինչ ձեւաչափով պետք է քննարկումը կայանա։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին քննարկել էին Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները: «ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով», ասվում էր ԱԳՆ-ի մամլո հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւս մշտական կապի մեջ էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացնում էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: «Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Շուշան Ստեփանյանը։

Փաստորեն, գիշերվա գործողությունների երկու-երեքժամյա դադարից հետո առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսեց սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ: Հուլիսի 13-ը նույնպես լարված օր էր, ադրբեջանական կողմը պարբերաբար սրում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

ՀՀ կառավարության՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին՝ արձանագրելով, որ դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը. «Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ եւ արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ: Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տեւական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով»: Այնուհետեւ Փաշինյանը վստահեցրեց, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. «Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, եւ մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին. այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարեւորագույն գրավականներից է»:

Ադրբեջանի պահվածքն, իրականում, տեղավորվում է վերջին ամիսներին Ալիեւի վարած քաղաքականության շրջանակներում: Կամաց-կամաց սահմանային լարվածության հիմքեր դնելու ուղղությամբ անցյալ շաբաթ ադրբեջանական իշխանությունները բավական հստակ հրահանգներ իջեցրեցին:

Ալիեւն, առհասարակ, վերջին շրջանում պարբերաբար հանդես էր գալիս ադրբեջանցի երիտասարդ զինվորներին հրահանգներ տալով՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, պատմական կեղծ «էջեր» ներկայացնելով, ըստ էության՝ հորդորելով Հայաստանի ու Արցախի հետ խոսել բացառապես ուժի լեզվով ու Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծել:

Իսկ Մնացականյան-Մամեդյարով վերջին տեսակոնֆերանսից հետո Ալիեւն անցյալ շաբաթ հստակ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «բանակցային գործընթաց չկա»: Ավելին՝ նրա կարծիքով, որ երկու երկրների արտգործնախարարների միջեւ տեղի ունեցող տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն։

Ալիեւը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ պաշտոնական Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը հակամարտության հարցում. «Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն: Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչեւ երբ»: Ապա նա հավելել էր, թե Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է հստակ հայտարարություններ: Նա նաեւ նկատել էր, թե ցանկանում է վարել առարկայական բանակցություններ: «Այո, այդ դեպքում մենք կմասնակցենք բանակցություններին: Հակառակ պարագայում բանակցությունների անհրաժեշտություն չկա: Մենք սպասում ենք դա ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ ամուր կանգնած ենք մեր դիրքի վրա, արդարությունը մեր կողմն է»,-հավելել է Ալիեւը:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով ազդարարեց, որ Ադրբեջանի համար բանակցություններ գոյություն չունեն: Ասել կուզի՝ այն, ինչ ընթացել է մինչ այսօր՝ Ալիեւի պատկերացմամբ՝ «առարկայական բանակցություններ» չեն, ինչն ակնկալում է Բաքուն:

Ակնհայտ է Ալիեւի ձգտումը՝ ցույց տալ, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Պարզ է, որ այս ամենի համար Բաքուն շարունակելու է բոլոր ամբիոններից հայտարարել, թե «մեղքը հայկական կողմինն է»:

Ալիեւի հայտարարություններից հետո գործի անցավ Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Շփման գծում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողները պետք է առաջնորդվեն այն պահանջներով, որոնց մասին իր վերջին ելույթներում բարձրաձայնել է նախագահ Իլհամ Ալիեւը,  առաջնագիծ այցի ընթացքում անցյալ շաբաթ հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, մտել է հակահայկական կոշտ քարոզչության ու գործունեության դաշտ, որի համատեքստում չի կարելի բացառել սահմանային շարունակական լարվածությունները՝ դիվերսիոն փորձերով, զինադադարի խախտումներով:

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031