Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Ընդ որում, Ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:
Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ:
Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի Ոստիկանություն:
Գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժնում բերվածների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ