Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ՝ իշխանամերձ որոշ շրջանակներ այս պահին զուսպ լինեին, թողեին, ով, որ այդ գործը պետք է աներ, անի». ռազմական փորձագետ

Հուլիս 13,2020 23:03

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ, սկսել է բավականին լոկալ  միջադեպից՝ մեկ կամ մի քանի դիրքերի վերադասավորումներից: «Ինչը սովորական երեւույթ է, գլոբալ, համաշխարհային նշանակություն չուներ: Պարզապես Ադրբեջանը փորձեց կատարվածին տալ մեծ նշանակություն ու հնչեղություն, ասես  Ստալինգրադի ճակատամարտ էր, բանը հասավ դիվան բաշուն՝ միջազգային կազմակերպություններ եւ այլն: Ինձ թվում է՝ այս ամենին հնչեղություն տալու Ադրբեջանի շահագրգռվածությունը կապված էր երկրի ներսում կորոնավիրուսով պայմանավորված լուրջ լարվածությամբ: Փորձում են lockdown-ը ներսում պահել, ու եթե սկզբում բավականին հաջող կարողանում էին վարակի տարածման դեմն առնել, ապա, երբ մի քիչ թուլացրին, վիճակը վատացավ, իրենք ներքին շատ խնդիրներ ունեին լուծելու ու ավելի հարմար բան չկար, քան խնդիրները բարդել արտաքին թշնամու վրա:

Ադրբեջանն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ նույնիսկ հիմա փորձում է դեմքը փրկել, այսինքն` պետք է ինչ-որ հաջողություն ցույց տա իր բնակչությանը, դաշնակիցներին, մինչ այս փորձում էին նկարելով ցույց տալ այդ հաջողությունը, հայկական կողմի կորուստների մասին էին կեղծ լուրեր տարածում»,-ասաց Կարեն Վրթանեսյանը:

Անդրադառնալով հայկական կողմի գործողություններին՝ մեր զրուցակիցն ասաց, որ առաջին փուլում ամեն ինչ նորմալ էր.  «Թե՛ ԶՈւ գործողությունները, այսինքն՝ թե՛  մարտադաշտում, թ՛ե տեղեկատվական դաշտում: Ինձ համար մի քիչ անհասկանալի էին, օրինակ Արարատ Միրզոյանի բանաստեղծությունը facebook-ում կամ Լիլիթ Մակունցի հայտարարությունը ՀԱՊԿ- ի մասին, ՀԱՊԿ-ի կանոնակարգը դիմելու հստակ է, իշխանությունն էլ են իրենք, դիմողն էլ են իրենք, չգիտեմ ումից ու ինչից է դժգոհում իշխանական խմբակցության ղեկավարը facebook-ում:

«Լավ կլիներ, որ իշխանամերձ որոշ շրջանակներ այս պահին զուսպ լինեին, թողեին, ով որ այդ գործը պետք է աներ, անի»,- կարծիք հայտնեց Վրթանեսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվելու լուրին անդրադառնալով՝ Կարեն Վրթանեսյանն ասաց ՝ իր համար հասկանալի չէ՝ ինչ իմաստ ուներ նիստի անցկացումը, բայց քանի որ հնարավոր է՝ որոշ տեղեկատվության այդ մասով չի տիրապետում, հետեւաբար, չի մեկնաբանի նիստի հետաձգման լուրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031