«Մեր բազմաթիվ կոչերը, հորդորները, որ պատասխանը լինելու է ցավոտ, կարծես թե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր ընկալել: Այո, ստացել են ցավոտ պատասխան եւ հետայսու լինելու է այդպես: Հայաստանի, Արցախի հանրապետության դեմ ցանկացած ոտնձգություն արժանանալու է շատ ցավոտ պատասխանի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:
Հարցին՝ կարո՞ղ է մեր խաղաղասիրական կոչերը սխալ նպատակի են ծառայել՝ նա պատասխանեց. «Մենք ընդհանրապես խաղաղություն սիրող ժողովուրդ ենք, պատմության դաժան հարվածները մենք շատ լավ սերտել ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց բազմիցս հայտարարել ենք՝ ցանկանալով խաղաղություն՝ մենք պատրաստ ենք պատերազմի, հետայսու լինելու է այդպես: ՊՆ նախարարը, վարչապետը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք՝ մենք պետություն ենք, որ պատրաստ է խաղաղություն պարտադրելու»:
Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի այս քայլը՝ Տիգրան Կարապետյանն ասաց. «Ընդհանրապես Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը հասկանալը շատ բարդ է, այնտեղ բարդագույն քաղաքական իրավիճակներ կան, ֆինանսական խնդիրներ: Ադրբեջանի տնտեսությունը կախվածություն ունի նավթից, նավթի գներն ընկել են: Որեւէ պատճառ չեմ կարող կոնկրետ ասել, բայց, կարծում եմ, այս ամենի հանրագումարն էր, գումարած Ադրբեջանի ղեկավարության՝ վերջերս հաճախ հնչող անունները՝ կախված կոռուպցիոն շղթաների, օֆշորային հաշիվներում գտնվող միլիարդավոր դոլարերի հետ, նաեւ զենքի գնման հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Այս բոլոր հարցերի պատասխանը մի օր Ադրբեջանի ժողովուրդը պահանջելու է, կամ երեւի արդեն պահանջում է: Ամեն դեպքում մենք ունենք մի հարեւան, որի գործողություններն ու գործողությունների տրամաբանությունը դժվար է կանխատեսել, եւ, հետեւաբար, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք խաղաղությունը պարտադրելու, ինչը որ երեկ հաջողությամբ մեր զինված ուժերը փայլուն կատարեց»:
Տիգրան Կարապետյանը հարցազրույցից քիչ առաջ էր եկել սահմանապահ համայնքից: Նա ասաց, որ ձեռնպահ կմնա հավելյալ տեղեկատվություն տալ, քան պաշտոնական տեղեկություններն են. «Մարդ, որ եղել եմ այնտեղ, պարզապես վստահեցնում եմ, ձեզ, որ պաշտպանության նախարարությունը որեւէ բան չի թաքցնում, շատ օպերատիվ ինֆորմացիա է տալիս: Մնացածը՝ մենք շփվել ենք ժողովրդի հետ, Մովսեսում ենք եղել, ես ուղղակի ապշած եմ մեր սահմանապահ գյուղերի ժողովրդից, այդ մարդիկ, որ տարիներով ապրելով այդ իրավիճակում, հպարտություն է ուղղակի, որ երբ հեռվում լսվում է մեծ տրամաչափի զենքի կրակոցը, բայց մենք գյուղապետարանում նստած քննարկում ենք Մովսեսի ջրատարի հարցը, ոռոգման հարցը: Տագնապ չկա: Այդ մարդիկ այնքան ամուր են կառչած հողից, որ իրենց համար որեւէ նշանակություն չունի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ