Այսօր Գյումրիում տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը ոչ միայն անանցանելի էին դարձրել քաղաքի փողոցները, այլ լցվել են դոմիկներն ու տները, ավերել դրանք։ Օգտատերերից մեկի գցած տեսանյութում ակնհայտ երևում է, որ սեփական տունը հայտնվել է սառույցի մեջ։
Մեկ այլ տեսանյութ էլ Գյումրու Ղարիբջանյան 21 հասցեից հրապարակել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որտեղ երևում է, թե ինչպես են բնակիչները բահերով փորձում տնից հեռացնել սառույցի մանր բեկորները։
Aravot.am-ն էլ ահազանգ է ստացել Գյումրու Սպենդիարովի փողոց, 145/044 մոդուլի սենյակ 6 ա բնակչից, որը լացելով մեզ բողոքեց, թե դռան դիմացից սելավը լցվել է տնակը՝ սենյակն կիսով չափ պատելով ջրով։
Տանտերը մեզ վայբերով ցույց տվեց, թե ինչպես է ջուրը ծածկել մահճակալը, ողջ գույքը, գորգերը ջրի մեջ են։ Նա ահազանգել է 911, պատասխանել են, որ «բազմաթիվ ահազանգեր ունենք, սպասեք, մենակ դուք չեք, չենք հասցնում»։
Կարդացեք նաև
«Մեր մոդուլի բոլոր սենյակներն ամբողջությամբ ջրի մեջ են կանգնած, ջուրը լցվում է թե՛ դռնից, թե՛ սենյակների հատակից։ 1995 թվականից ստեղ ենք ապրում, նման դեպք երբևէ չի եղել»-հուզված ասաց տանտերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ « Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։ Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։
Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից