ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր: Հաղորդագրությունների համաձայն՝ կողմերն օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանային զենքեր:
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկային կյանքերի կորստի համար և ցավակցություն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին »,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ըստ հայտարարության՝ կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողությունները վերսկսելու համար, իսկ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները՝ կողմերին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև կոչ են անում հնարավորինս շուտ վերսկսել սուբստանտիվ բանակցությունները՝ ընդգծելով տարածաշրջանում մշտադիտարկումների վերսկսման կարևորությունը, հենց որ հանգամանքները թույլ տան:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ