Չպե՞տք է թույլ տրվի հավաքներ կազմակերպել, քանի որ ընդդիմություն ասում է, որ սա կարծես թե ազատ խոսքի ճնշում է. այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Նա պատասխանեց. «Իմ կարծիքով, ընդդիմությունը հասարակությանը ցույց տալու հանգամանքներ ունի, իբրեւ իրենք պատրաստ են շատ հուժկու հավաքներ կազմակերպել եւ ահա արտակարգ դրությունը իրենց, իրենց պլաններին խանգարում է եւ իրենք իրենց ամբողջ պոտենցիալը չեն կարողանում ցույց տալ: Բայց դա կեղծ օրակարգ է: Իրենք նման հնարավորություններ չունեն, ուղղակի հիմա իրենց համար հարմար առիթ է՝ այդ հարցը անընդհատ բարձրացնելու եւ անընդհատ արձանագրելու, որ իբր իշխանություններն իրենց թույլ չեն տալիս՝ այդ հուժկու հավաքները կազմակերպելու»:
Ինչ վերաբերում է իրավաչափությանը, նախարարն ասաց, որ Սահմանադրության հպանցիկ ուսումնասիրությունն էլ կվկայի, որ առողջության պահպանությունը հավաքների սահմանափակման հիմք կարող է լինել, ընդ որում, ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, այլեւ ցանկացած այլ իրադրությունում, երբ առողջության պաշտպանության խնդիր կամ վարակի տարածման վտանգ է լինում. «Ամբողջությամբ իրավաչափ է, իրավաչափ նպատակի համար է»:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Բադասյանը սրճարանում նստած՝ առանց դիմակի: Այս առնչությամբ նախարարն ասաց. «Եթե հանրային սննդի վայրում սնունդ ընդունելիս նկարահանումների մասին է խոսքը, ես դիմակով չեմ կարողանում ճիշտն ասած հաց ուտել»:
Հարցրեցինք՝ մամուլում գրում են, որ Ստամբուլյան կոնվենցիան սեպտեմբերին բերելու եք ԱԺ ու Նաիրա Զոհրաբյանն էլ չի բացառում, որ իրեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից ուզում են հանել մինչեւ այդ՝ Բադասյանն ի պատասխան ծիծաղեց. «Դեռ այդպիսի պլաններ չկան,բայց հետաքրքիր մեկնաբանություն էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ