Լրահոս
Օրվա լրահոսը

Բադասյանը՝ ՍԴ 3 դատավորներին իր կողմից նշանակելու ՀՀ նախագահի առաջարկի եւ ՄԻԵԴ որոշման մասին

Հուլիս 13,2020 18:45

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է. «Այդ պալատի դատավորները, որոնք քննել են դիմումը, եկել են իմ հեռանալուց հետո, որպեսզի ծանոթության կամ ընկերական հարաբերությունների հանգամանքը դեր չխաղա որոշման անաչառության նկատմամբ։ Ինչի եմ այս հանգամանքը շեշտում, իմ ուշադրությունից չվրիպեց, որ մեր պատգամավորներից մեկի անպատասխանատու հայտարարությունը, որն ասում էր, թե փորձել են ինչ-որ կապեր օգտագործել, բայց արդյունքի չեն հասել։ Գիտեք, ցավով պետք է նշեմ, որ մենք փորձում ենք մեր հասարակությանը բնորոշ արատավոր երեւույթները վերագրել նաեւ միջազգային կառույցներին, եւ ինչ-որ տեղ այդ կառույցների հետ խոսում ենք շանտաժի լեզվով։ Ձեզանից որեւէ մեկը չի մոռացել ինչպես մեր կարկառուն սահմանադրագետ պատգամավորը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը մեծ պարգեւ է ստացել իշխանությունից, եւ այդ հայտարարությունն ինչ-որ ազդեցություն գործեց, եւ հանձնաժողովն իր նախորդ կարծիքից տարբերվող եւ իշխանությունների համար քիչ թե շատ նպաստավոր կարծիք ստացավ։ Նույնը հիմա անում են դատարանի նկատմամբ, որ այ, տեսեք, մենք կմտածենք, որ դուք ինչ-որ կապեր եք օգտագործում։ Սա այն է, ինչը բնորոշ է այդ պատգամավորին, որն այդ հայտարարությունն արել է, ինչը բնորոշ է իր նախկին քաղաքական ուժին, որ փորձում էին դատարանների վրա ազդել, ինչը եւ հիմա փորձում են անել Եվրադատարանի նկատմամբ։ Դա, եթե ուրիշ բան չասեմ, տգեղ երեւույթ է»:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ ՄԻԵԴ-ի հետ կապված նման կարծիք հայտնելը կարո՞ղ է որակվել՝ որպես ճնշում դատարանի նկատմամբ՝ ցանկալի որոշում կայացնելու համար: Նախարարը պատասխանեց. «Դժվարանում եմ մեկնաբանել նմանատիպ հայտարարություն, որովհետեւ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ եւ հետաքրքիր կլինի ուղղակի այդ մարդկանց կարծիքը հնարավորություն ունենաք ուսումնասիրելու, հասկանանք ինչ եղանակով են պատկերացնում այդ ճնշումը»:

Խոսելով որպես միջանկյալ միջոց սահմանադրական փոփոխությունների իրագործումը մերժելու ՄԻԵԴ որոշման մասին՝ Բադասյանը նախ ասաց. «Իշխանությունը խնդիր չի դրել, որ չեն ցանկանում տեսնել  x, y, z դատավորներին, իշխանությունների խնդիրը ՍԴ մոդելի կյանքի կոչումն էր ու դա իրականացվել է Սահմանադրության փոփոխությամբ: Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ Սահմանադրական փոփոխությունները, որոնք փաստացի ուժի մեջ էին մտել, կա՛մ կասեցվեին, կա՛մ չիրականացվեին, նույնիսկ առարկան այդքան պարզ չէր: Կարծում եմ, իրենք մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, եթե իրենց նպատակն էր հասնել դրան, դա իմ կարծիքով հնարավոր չէր եւ արձանագրվեց նման որոշմամբ: Բնականաբար, դա միջանկյալ միջոցի մասին էր, իրենց դիմումը դեռ սահմանված ընթացակարգերով կանցնի, կքննարկվի:  Այսինքն, ՄԻԵԴ-ի որոշմամբ, չնայած դրա կարիքը չկար արձանագրելու համար, բայց եւս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ պրոցեսը, ըստ էության, ՍԴ-ի մոդելը կյանքի կոչելու առաջին փուլով ավարտված է, երկրորդով կավարտվի, երբ թեկնածուները սահմանադրական մարմինները կառաջադրեն եւ ԱԺ-ն կընտրի»:

Հարցին՝ ՀՀ նախագահը հայտարարություն-առաջարկ հնչեցրեց, որ նախագահի ինստիտուտին տրվի լիազորություն ՍԴ երեք անդամներ նշանակելու, սա քննարկելի՞ տարբերակ է սահմանադրական հանձնաժողովի համար՝ Բադասյանը պատասխանեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն եւ կազմակերպել քննարկումներ, առավել եւս՝ երբ նախագահի կողմից է նման առաջարկ հնչում: Դրան մենք կանդրադառնանք գործող մոդելի շրջանակներում: Միջազգային հանրության համար շատ ընդունելի, շատ կշռադատված մոդել է ընտրվել այն առումով, որ սահմանադրական տարբեր մարմիններ են մասնակցում: Գործող մոդելը հակակշիռներ ապահովում է ու Վենետիկի հանձնաժողովն էլ է դա արձանագրել»:

Հարցրեցինք՝ մինչեւ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, արդեն ՍԴ դատավորների թեկնածուներն ընտրված կլինեն եւ թափուր հաստիքները լրացված կլինեն, եթե որոշումը լինի այնպես, որ այդ դատավորների իրավունքներ են խախտվել, այդ դեպքում ի՞նչ իրավիճակում ենք հայտնվելու, պետք է հանե՞ն ընտրված դատավորներին, նորից նախկինների՞ն նշանակեն, այլ պաշտո՞ն առաջարկեն, իրավական առումով ի՞նչ լուծում կա՝ Բադասյանն ի պատասխան հորդորեց չշտապել. «Այս պրոցեսում որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ որոշում կարող է վերջնական ընդունել ՄԻԵԴ-ը, կամ եթե արձանագրվի կոնվենցիայի խախտում՝ ի՞նչ կոնվենցիայի խախտման մասին խոսքը կգնա եւ այլն: Ամեն դեպքում մեր Սահմանադրության փոփոխություններով շատ հստակ է եւ նոր դատավորներ կընտրվեն, ՍԴ-ն ամբողջական կազմով կներկայանա եւ այդ պահից սկսածիր գործունեությունը կշարունակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031