«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ կարճվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանը:
Հիշեցնենք՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Նրա հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը՝ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
ԲԴԽ-ի որոշման մասին դատավորի թեկնածուն պարզաբանեց. «Ես ներկայացրել էի բացարկի միջնորդություն դատավոր Մխիթար Պապոյանին և խնդրել նաև իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճել: Իմ՝ բացարկի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է, բայց կարճման միջնորդությունը բավարարել է, և իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ակնկալու՞մ էինք ԲԴԽ-ից նման որոշում, Կարապետ Բադալյանը պատասխանեց. «Որքանով իմ գիտելիքներն ու փորձը հերիքում է, ես միջնորդության մեջ գրել էի բացարկի հիմնավորումները, բայց պիտի սպասեմ, տեսնեմ, թե ԲԴԽ-ն ինչ հիմնավորումներ է արել ու նման որոշում կայացրել: Ես միջնորդության մեջ բացարկ էի հայտնել դատավոր Մխիթար Պապոյանին. նա կարգապահական հանձնաժողովի նախագահն է ու խնդրել էի կարգապահական վարույթը կարճել: Երկու խնդրանք ունեի: Պապոյանի բացարկը մերժվել է, բայց իմ նկատմամբ կարգապահական վարույթի կարճման միջնորդությունը բավարարվել է: Հիմնավորումներին դեռ ծանոթ չեմ, երբ որոշումը ստանամ, կծանոթանամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ