Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Հուլիս 13,2020 17:39

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ՝ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում: «Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու,-ասել է նախագահը: -Ուստի այսօր բոլորիդ և յուրաքանչյուրիդ անձնապես շնորհակալություն ասելու պահ է, շնորհակալություն Իտալիային, Իտալիայի ժողովրդին, իմ լավ բարեկամ, նախագահ Սերջիո Մատարելլային: Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»:

Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար: «Կորոնավիրուսի համավարակից քաղած դասերից հիմնական ուղերձն այն է, որ միայն համագործակցությամբ է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերը: Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարևոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031