Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյան․ Եթե իրենց հաճելի է, որ լրագրողը եթերի ժամանակ ուշագնաց լինի, մեզ հաճելի չէ

Հուլիս 13,2020 17:43

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանին հուլիսի 13-ին հրավիրել էին ոստիկանություն՝ մասնակցելու եթերում դիմակ չդնելու համար հարուցված վարչական վարույթի քննությանը։

Հարություն Հարությունյանը դիմում-բողոք էր ուղարկել, որտեղ նշել էր, թե կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ստիպված կլինի բաց թողնել հրավիրված լսումները և պատրաստակամություն էր հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ մասնակցել վարչական վարույթին։ Դիմում-բողոքով նա նաև խնդրել էր հարուցված վարույթը կարճել՝ զանցանքի բացակայության հիմքով։

Aravot.am-ի հետ զրույցում Հարություն Հարությունյանն ասաց, որ վարույթին տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցների կիրառմամբ չի մասնակցել, քանի որ իրեն չեն հրավիրել․ «Ես ուղարկել եմ պատվիրված փոստով, կտրոնն ունեմ, եթե իրենք առանց մեզ լսելու, հաշվի չառնելու, կորոշեն, որ մեզ վարչական տույժի են ենթարկում, մենք կվիճարկենք դատարանում։ Որովհետև, խնդրում եմ նայեք աշխարհի որևէ հեռուստաընկերություն, որտեղ որ մարդիկ դիմակով են մտնում։ Դա սկզբունքի հարց չէ, նախ՝ եկել էին, որ պայմաններին ծանոթանային, երկրորդը՝ ես իրենց ծանոթացրեցի, իրենք ֆիքսեցին, որ սոցիալական հեռավորությունը պահպանված է, և երրորդը՝ մեզ մոտ մենք աշխատում ենք տաք լույսերի տակ, մեզ մոտ սառը լույսեր չեն՝ տաք լույսեր են, և ուղղակի անհնարին է լրագրողի աշխատանքը այդ տաք լույսերի տակ՝ դիմակով։ Հիմա, եթե իրենց հաճելի է, որ լրագրողը եթերի ժամանակ ուշագնաց լինի, ընկնի, դա իրենց խնդիրն է, մեզ հաճելի չէ»։

Հարություն Հարությունյանը կարծում է, որ այս գործողությունները միտված են սահմանափակելու լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը․ «Մենք հունվարի սկզբին կամ, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի վերջին, առաջին հեռուստաընկերությունն ենք եղել, որ բարձրաձայնել ենք կորոնավիրուսի մասին, զգուշացրել ենք։ Եվ մեզ մեղադրում էին խուճապ տարածելու մեջ։ Երբ որ մենք տվեցինք ռեպորտաժը, որ կորոնավիրուսով հիվանդի ընտանիքի անդամները բողոքեցին, որ տարել են, և ոչ ոք չի գնացել իրենց մուտքը չի ախտահանել, ոստիկանություն ուղարկեցին այդ մարդկանց վրա, թե՝ ինչո՞ւ եք նման հարցազրույցներ տալիս, խուճապ տարածում։ Երբ որ մենք նամակով դիմեցինք առողջապահության նախարարությանը, թե վիճակը ծանր է, եկեք եթերից պարզաբանեք՝ մարդիկ ինչպե՞ս պետք է անեն, ի՞նչ պետք է անեն, որ խուսափեն այդ վիճակից, իրենք ասացին, որ ժամանակ չունեն։

Մենք միակ հեռուստատեսությունն ենք եղել, որ մինչև պետության՝ սոցիալական հոլովակներ պատրաստելը, մենք պատրաստել ենք 30 վայրկյանանոց հոլովակ՝ ինչպես լվանալ ձեռքերը, և դա համացանցում կա և դա մենք ցույց ենք տվել՝ առանց որևէ մեկից ակնկալիք ունենալու, առանց որևէ մեկից գումար վերցնելու։ Մենք արել ենք ամեն ինչ, ինչ որ մեր ուժերից հասել է, մի բան էլ՝ ավելին։ Մենք այնքան ուշադիր ենք եղել կորոնավիրուսի թեմային և այնքան ենք հալածվել այս թեմայի շուրջ առողջապահության նախարարության կողմից, և հիմա վերցնել մեզ մեղադրել, որ մենք դիմակ չենք կրում… լավ ենք անում, որ դիմակ չենք կրում, դուք գնացեք ձեր խնդիրները լուծեք, գտեք, որտե՞ղ եք դուք սայթաքել, որտե՞ղ եք դուք այս ժողովրդին գցել կրակի մեջ։ Եվ դիմակ կրելով չէ, որ պետք է կորոնավիրուսի դեմ պայքարեն․ կորոնավիրուսի դեմ պայքարում են այլևայլ միջոցներով, դիմակ կրելը դրանցից մեկն է, այն մեկն է, որ երևի թե 0,01% էլ չի կազմում։

Բելառուսում ո՛չ դիմակ կրեցին, ո՛չ պանդեմիա հայտարարեցին, ոչ մի բան չարեցին։ Մեզ մոտ ավելի շատ են մահերը, քան Բելառուսում, ինչի՞ մասին է խոսքը։ Ապաշնորհ կառավարման արդյունք է սա, և հիմա իրենք ուզում են դրանով ցույց տալ, որ մենք ենք մեղավոր՝ լրատվամիջոցներս։ Ո՛չ, լրատվամիջոցները մեղավոր չեն, մենք, առավել ևս, մեղավոր չենք։ Մենք փաստերով, ժամանակացույցով ամբողջը կհանենք, կտանենք դատարան, և մի հատ էլ իրենցից կպահանջենք, թե ինչո՞ւ եք ոստիկան ուղարկում այդ մարդկանց տները, որ գնային ցուցմունք վերցնեին, թե ինչ ենք խոսել «5-րդ ալիքով», թե ինչո՞ւ են ասել, որ իրենց շենքում կա վիրուսակիր, և նրան մեկուսացնելուց հետո ոչինչ չեն ձեռնարկել այդ շենքը ախտահանելու համար։ Իրենք ունեն իրենց պատճառները, մենք էլ ունենք մեր փաստերը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031