Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, տուրիզմի ոլորտը ոչ մի կերպ չի կարողանալու «լոք դաունից» դուրս գալ». տուրօպերատորները հիասթափված են, որ կառավարությունն այս կարեւոր ոլորտն անտեսեց

Հուլիս 13,2020 17:19

COVID-19-ի հետեւանքով  զբոսաշրջությունը ամենատուժած ոլորտներից է: Յոթերորդ ամիսն է՝ զբոսաշրջության գրեթե բոլոր ընկերությունները կաթվածահար վիճակում են:

Աշխատակիցներ ու աշխատավարձեր են կրճատել, որոշ ընկերություններ՝ լուծարվել, իսկ այն ընկերություններն էլ, որոնք դեռ մասամբ ոտքի վրա են եւ սպասողական վիճակում, կառավարության վարած քաղաքականության պատճառով հիասթափված են:

Խոսքը, մասնավորապես, տուրիզմի ենթաոլորտներից ամենատուժածի՝  ներգնա կազմակերպված  զբոսաշրջության մասին է:

ՀՆԱ-ի համար շատ կարեւոր դեր ունի ներգնա զբոսաշրջությունը

Ընդհանրապես, զբոսաշրջության ոլորտը, մասնավորապես՝ ներգնա զբոսաշրջությունը, իսկ հատկապես՝ կազմակերպված ներգնա զբոսաշրջությունը, շատ կարեւոր դեր ունի երկրի, մեր տնտեսության եւ ՀՆԱ-ի համար: Եվ հենց ներգնա կազմակերպված զբոսաշրջությունն է ձեւավորում զբոսաշրջության արդյունքը՝ տուր պրոդուկտը:

Արդեն երրորդ ամիսն է, ի թիվս զբոսաշրջային այլ ընկերությունների, փակ է նաեւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող «Armenia Travel» տուրիստական ընկերության գրասենյակը: Ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ գիտակցում են, որ այս պահի դրությամբ, կառավարության առաջնային խնդիրը առողջապահությունն է եւ մարդկանց կյանքերը փրկելը, բայց, երբ կառավարության պատասխանատուները հայտարարում են՝ չեն կարող թույլ տալ «լոք դաուն», այսինքն՝ որ տնտեսությունը փակվի, չեն նկատում, որ տնտեսության մի շատ կարեւոր ճյուղ արդեն փլուզված է եւ, եթե այսպես շարունակվի, տուրիզմի ոլորտը ոչ մի կերպ չի կարողանալու «լոք դաունից» դուրս գալ:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցավալի է, որ այս պահին, այս ոլորտի համար չկա առանձնացված հատուկ ուշադրություն եւ ներգնա կազմակերպված զբոսաշրջությունը չի առանձնացվել, որովհետեւ հենց այս ենթաոլորտը, անգամ տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելուց հետո, մոտավորապես մեկ տարի էլ ուշքի չի գալու:

Երբ պետք է  փաստեր արձանագրել, կառավարության պաշտոնյաները հպարտանում են՝ մեր երկիր 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ է եկել:

Այս դժվարություններով հանդերձ, ընկերությունը, սոցիալական պատասխանատվությունից ելնելով, իր հաստիքացուցակը չի կրճատել: Ինչպես տնօրենն է նշում՝ դրույքաչափերի կրճատման, աշխատավարձերի նվազեցման ու այլ գործունեությունից ստացած եկամուտների հաշվին փորձում է իր աշխատակիցներին վճարել: Սակայն, եթե կառավարության՝ ոլորտային աջակցությունը չլինի կոնկրետ` որպես ամենատուժած ոլորտի, տուրընկերություններն իրենց գործունեությունն ընդհանարապես կդադարեցնեն, իսկ այդ պարագայում, կրկին ոտքի կանգնելն անհնար կլինի:

Մեր զրուցակցի խոսքով՝ այն աշխատակիցները, որոնք արտերկրի գործընկերների հետ նամակագրության մեջ են, այսօր էլ տնից աշխատում են, որպեսզի գոնե այդ կապերը պահեն: Եվ, քանի որ կազմակերպված զբոսաշրջությունը նախապես է պլանավորվում, հայկական տուրօպերատորի արտերկրի գործընկերները դեռեւս չեն շտապում ամբողջ տարվա ամրագրումները չեղարկել եւ, հույս ունենալով, որ իրադրությունը կփոխվի, չեղարկումները դեռեւս մոտակա ամիսների համար են կատարում. «Մինչեւ մարտ-ապրիլ ամիսներին չեղարկվեցին հուլիս-օգոստոսի ամրագրումները, հիմա արդեն մինչեւ սեպտեմբեր բոլոր ամրագրումները չեղարկվում են»:

Արմեն Գրիգորյանը կարծում է, որ լավատեսական սցենարի դեպքում, եթե իրավիճակը երկու-երեք շաբաթվա ընթացքում սկսի դեպի լավը գնալ, այսինքն՝ վարակակիրների թիվը սկսի նվազել, գուցե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների այց ունենանք: Վատ կանխատեսումներով՝ այս տարի ընդհանրապես այցելություններ չեն լինելու՝ մինչեւ մյուս տարվա ապրիլ ամիսը:

Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ոլորտի ընկերություններով այսքան ամիս համբերատար սպասել են, բայց այդպես էլ կառավարության տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերով հերթն իրենց չի հասել: Այսօրվա դրությամբ արդեն սոցիալ-տնտեսական 22 ծրագիր կա, սակայն դրանցից ոչ մեկը նպատակային ուղղված չէ զբոսաշրջության ոլորտին, մասնավորապես՝ ներգնա զբոսաշրջային ընկերություններին: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, երբ պետք է  փաստեր արձանագրել, կառավարության ներկայացուցիչները հպարտությամբ նշում են, որ «զբոսաշրջիկների աճ է արձանագրվել, մեր երկիր 1 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ է եկել»:
«Ինչքան էլ երկրի տնտեսությունը լավ աշխատի, ներսում տնտեսական շարժ լինի, բայց մենք հասկանում ենք, որ ՀՆԱ-ն աճում է դրամական ներհոսքի միջոցով: Այսինքն՝ եթե չկա դրամական հոսք դեպի երկիր, ապա տնտեսությունն այդքան արագ չի կարող աճել: Իսկ դրամական հոսքի հիմնական ապահովողը կա՛մ ապրանքի արտահանումն է, կա՛մ ծառայությունների, եւ տուրիզմը ծառայությունների արտահանման ամենավառ օրինակն է: Այսինքն՝ ներգնա զբոսաշրջության միջոցով մենք դեպի մեր երկիր ահռելի ֆինասական եւ արտարժույթով հոսք ենք ունենում: Միջին վիճակագրական զբոսաշրջիկը 700-ից 1000 դոլար գումար է բերում: Եթե մեկ միլիոնը բազմապատկենք հազար դոլարով, կտեսնեք՝ ինչ թիվ է ստացվում: Տարեկան այդքան գումար զբոսաշրջության միջոցով մտնում է երկիր: Իսկ կազմակերպված զբոսաշրջությունը  զբոսաշրջության հիմնական շարժիչ ուժն է, այն զբոսաշրջային արդյունքը ձեւավորող հիմնական ուղղությունն է, քանի որ երկիրը ճանաչելի դառնում է քո զբոսաշրջային արդյունքի շնորհիվ: Իսկ այդ զբոսաշրջային արդյունքը հիմնականում ներկայացվում է՝ գովազդվում է, զբոսաշրջային օպերատորների կողմից միջազգային տարբեր հարթակներում»,-ասաց պարոն Գրիգորյանը՝ նշելով, որ ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության միակ ոլորտներից է, որ 2000 թվականից այս կողմ ամեն տարի երկնիշ՝ 10 %-ից ավել աճ է ունեցել:

Նրա համոզմամբ, ճիշտ է՝ պետությունը փորձեց շատ արագ արձագանքել եւ տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել, սակայն, խորը ուսումնասիրության եւ վերլուծության կարիք կար, քանի որ փաստ է, որ իրենց պես ընկերությունները տնտեսական հետեւանքների չեզոքացման որեւէ ծրագրից չեն կարողացել օգտվել:

Երկար տարիներ խոշոր հարկատու են, բայց ճգնաժամային այս իրավիճակում պետությունից դեռ 1 դրամ օգնություն չեն ստացել:

Կառավարության աջակցության 3-րդ միջոցառումը, որտեղ ընդգրկված էր նաեւ զբոսաշրջության ոլորտն, ըստ Արմեն Գրիգորյանի, վերաբերում էր ՓՄՁ-ներին եւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող խոշոր ընկերությունները, որոնք խոշոր հարկատու են, չընդգրկվեցին այդ ծրագրում. «Հիմա շատերը կպատկերացնեն, որ զբոսաշրջության ոլորտում մեծ մասը փոքր ու միջին բիզնեսով են զբաղված, այո միգուցե դա այդպես է,  բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ զբոսաշրջային արդյունքը ձեւավորող հիմնական կորիզը խոշոր ընկերություններն են, որոնք Հայաստանի իմիջը ներկայացնում են արտերկրում, տարբեր հարթակներում, միջազգային ցուցահանդեսներում: Մեր պես մի քանի խոշոր զբոսաշրջային օպերատորներ կան, որոնք տարեկան 5-7-10 ցուցահանդեսների են մասնակցում: Եվ ամեն մի նման ցուցահանդեսի մասնակցելու համար մեծ գումարներ են ծախսում՝ 5-ից 10 հազար դոլար, եւ մենք այդքան ներդրում ենք անում, որպեսզի զբոսաշրջիկը գա: Ուրիշ ոչ ոք զբոսաշրջության ոլորտում ուղիղ ներդրում չի անում նրա համար, որ զբոսաշրջիկը գա: Հյուրանոցը ներդրում անում է իր շենքի համար, վերանորոգման համար, տրանսպորտային ընկերությունը՝ իր տրանսպորտի համար, ռեստորանը՝ իր համար, գիդերն՝ իրենց վերապատրաստման, բայց որպեսզի զբոսաշրջիկը գա հասնի այստեղ, դրա համար հիմնական ներդրողները օպերատորներն են, որոնց կորիզը խոշոր զբոսաշրջային օպերատորներն են, որոնք այս պահին բացարձակ անտեսված են»:

Պարոն Գրիգորյանի խոսքով, կա մոտ տասը այդպիսի զբոսաշրջային խոշոր օպերատոր. «Կոնկրետ՝ մենք, տարեկան 10 հազար զբոսաշրջիկ ենք բերում: Իսկ կազմակերպված զբոսաշրջության դեպքում ծախսած գումարի տեսակարար կշիռն ավելի մեծ է, որովհետեւ այդ զբոսաշրջիկները գալիս են իրենց զբոսաշրջային փաթեթով՝ 5-7-10 օր մնում են Հայաստանում եւ նրանք մեր երկրում միջինում 1000-1500 դոլար գումար են ծախսում: Նրանք իրենց հետեւից արդեն անկախ զբոսաշրջիկներ են բերում, որոնք չեն օգտվում օպերատորների ծառայություններից, բայց դրան հիմնականում նպաստում է կազմակերպված զբոսաշրջությունը: Այսօր կան մեզ պես զբոսաշրջային օպերատորներ, որոնք տարեկան 10 հազար զբոսաշրջիկ են բերում Հայաստան, եւ եթե մեզ պես տասը օպերատոր կա, ստացվում է՝ մենք մեր ջանքերի, մեր ներդրումների շնորհիվ տարեկան բերում ենք 100 հազար զբոսաշրջիկ եւ 100 հազար զբոսաշրջիկը մեր երկիր է բերում մոտ 100 միլիոն դոլար»:

Գործարարի խոսքով՝ բացի այն, որ երկիր մտած այդ գումարները մուլտիպլիկատիվ արդյունք են ունենում եւ դրանից օգտվում են հյուրանոցները, տրանսպորտային ընկերությունները, ռեստորանները, զբոսավարները, թանգարանները, սովորական խանութները, տեսարժան վայրերում՝ գաթա-սուջուխ վաճառող գյուղացիները, այդ ընկերությունները նաեւ խոշոր հարկատու են եւ տարեկան 100 միլիոն դրամի հասնող հարկեր են վճարում եւ ճգնաժամային այս իրավիճակում պետությունից դեռ մեկ դրամ օգնություն չեն ստացել: Դեռ մի բան էլ, շահութահարկի կանխավճար են արել. «Մեզ պարտադրեցին, որ կանխավճար անենք: Դուք հասկանո՞ւմ եք, այս իրավիճակում մենք պետությանը պարտքով գումար ենք տվել: Մեր ընկերությունը մոտ 10 միլիոն դրամ կանխավճար է արել պետությանը: Ճիշտ է՝ պետությունը կասի դա պարտքով չի, դու աշխատել ես 3 ամիս եւ կանխավճարը արել ես, որ հետո հաշվետվությունը հանձնես, եւ այդ ժամանակահատվածի համար է, բայց փաստ է, որ մենք այդ ժամանակահատվածում չենք աշխատել, շրջանառություն չենք ունեցել: Հերիք չի պետությունից ոչ մի գումար չենք ստացել, դեռ մի բան էլ գումար ենք տվել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա, իրենց աշխատակիցները 8-րդ միջոցառումով ապրիլ ամսին ստացել են միանվագ աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով՝ ոչ պակաս՝ 68 հազար դրամը եւ ոչ ավել՝ 136 հազար դրամը: Զբոսաշրջային այս ընկերությունը աշխատակիցներին չի կրճատել, բայց աշխատանքային գրաֆիկում փոփոխություն արել է, քանի որ ամբողջ դրույքով աշխատակցին պահելու դեպքում չի կարող այդքան եկամտահարկ վճարել: Գործարարը նեղսրտում է, որ հարկային պարտավորության մասով էլ կառավարությունը որեւէ զիջման չգնաց, չնայած, որ արտոնյալ եկամտահարկի սանդղակ կիրառելու նախադեպը մեր երկրում արդեն կա:

Տուրօպերատորները աջակցության ծրագրերի տրամաբանությունը չեն հասկանում. Աշխատող ոլորտին փող են տալիս, փլուզման եզրին գտնվողին՝ անտեսում:

«Օրինակ ՏՏ ոլորտում կա արտոնյալ եկամտահարկի սանդղակի չափ, երբ եկամտահարկը 26 տոկոսի փոխարեն ստարտափ ընկերություններում վճարում են 10 տոկոս: Եթե կա այդ նախադեպը եկեք գոնե առնվազն մեկ տարով կիրառենք նաեւ զբոսաշրջության համար, քանի որ բոլոր կանխատեսումներով՝ զբոսաշրջության ոլորտը հնարավոր է վերականգնել 2022 թ.-ից ոչ շուտ: Դրա համար պետության կողմից պետք է կարճաժամկետ արագ արձագանք, ապա՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ: Երկարաժամկետի մասով դա կոնկրետ եկամտահարկի դրույքաչափի սահմանումն է՝ 10 տոկոս, ինչը հարկային բեռի գոնե որոշակի թեթեւացում կլինի»: Բացի հարկային պարտավորություններից այս ընկերությունները նաեւ տարածքի վարձակալության գումարներ են վճարում:

Արմեն Գրիգորյանի եւ զբոսաշրջային ոլորտի նրա գործընկերների համար տնտեսական հետեւանքների չեզոքացման 5-րդ եւ 18-րդ միջոցառումների տրամաբանությունը եւս հասկանալի չէ: Այդ միջոցառմամբ, նախատեսված է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնք որոշակի ժամանակահատվածում աշխատող չեն ազատել եւ աշխատավարձի ֆոնդը 90 տոկոսից չեն նվազեցրել:

Այդ միջոցառմամբ, տվյալ ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցի համար ստանում է միանվագ դրամաշնորհ:
«Այդ պայմաններում ես տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ»,-ասում է պարոն Գրիգորյանն ու հավելում. «Եթե ընկերությունը 100 տոկոսով վճարում է բոլորի աշխատավարձը, այսինքն՝ նշանակում է, որ նրա գործունեությունը շարունակվում է: Եթե կան ընկերություններ, որոնց գործունեությունը չի շարունակվում եւ այդ ընկերությունը ստիպված է լինում դրույքաչափը նվազեցնել, այդ պարագայում նվազում է նաեւ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը, ստացվում է, որ այդ ընկերություններին աջակցություն չի հասնում: Մինչդեռ տրամաբանական է, որ պետք է պատկերը հակառակը լինի, այն ընկերությունները, որոնց գործունեությունը, շրջանառությունը նվազել է, եւ որոնք չեն կարողանում աշխատակիցներին պահել, աջակցությունը՝ նրանց տրամադրել: Այն ընկերությունը, որը եկամտի աղբյուր ունի եւ կարողանում է շահույթ ստանալ, ստացվում է, որ հավելյալ պետությունից կարողանում է նաեւ օգնություն ստանալ»:

Հույս ունեն, որ կառավարությունն, ի վերջո, կվերանայի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու իր քաղաքականությունը:

Գործարարը հույս ունի, որ կառավարությունն, ի վերջո, կվերանայի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու իր քաղաքականությունը: Ոլորտի՝ գործարարները գտնում են, որ առաջին հերթին պետությունը պետք է առաջնորդվի տնտեսվարողների տուժած լինելու չափով. «Այսօր մենք տարբեր ոլորտների՝ ռեստորանների, վարսավիրանոցների, հյուրանոցների հետ քննարկում ենք, հարցնում ենք՝ իրենց շրջանառությունն ինչքանո՞վ է նվազել, տարբեր պատկեր է ստացվում. կա, որ ասում են՝ 30-40 %-ով, ռեստորան կա՝ ասում է՝ 50 %-ով են աշխատում, որոշները նշում են՝ դե, մի 70 %-ով: Բայց մեր ոլորտում զրո տոկոս է: Այսինքն՝ եթե քո շրջանառությունը 100 %-ով նվազել է, դա նշանակում է, որ դու ունես աջակցության կարիք: Դա առաջին պահանջն է, որը կարծում ենք տրամաբանական է, որ պետք է այս պահին ակտիվ ուսումնասիրվի եւ այն ընկերությունները, ում շրջանառությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է ինչ-որ չափով՝ սանդղակներ դնեն եւ ումը 90 տոկոսից ավել է նվազել, նրանց որոշակի ուշադրություն լինի՝ միգուցե հարկերի մեղմման, հավելյալ վարկավորման կամ նույնիսկ դրամաշնորհի տեսքով, որովհետեւ այդ մեխանիզմն այսօր փաստացի գործում է, պետությունը միանվագ դրամաշնորհ տալիս է, աշխատավարձի սուբսիդավորում անում է, բայց այդ սուբսիդավորումը անում է ընդլայնված, շատ մեծ շրջանակների համար: Բայց միգուցե կան ամենակարիքավորները, որոնք՝ չեն ստանում»:

Երկրորդ նախապայմանն, ըստ Արմեն Գրիգորյանի, պետք է նայել տուժած լինելու տեւողությամբ. «Մեր ոլորտը՝ մարտ, ապրիլ մայիս հունիս, արդեն համարյա 4 ամիս է՝ բացարձակ փակ վիճակում է եւ դա շարունակվելու է առնվազն երեք ամիս: Այսինքն՝ մետ կես տարի մեր ոլորտը գտնվում է փակ եւ կաթվածահար  վիճակում»: Գործարարը կարծում է, որ աջակցությունը տրամադրելիս պետք է դիտարկվի կարեւորությունը պետության համար. «Որովհետեւ նույն զբոսաշրջությունը, որը գերակա ոլորտ է համարվում, երեք մասից է բաղկացած՝ ներգնա զբոսաշրջություն, ներքին զբոսաշրջություն եւ արտագնա զբոսաշրջություն: Հասկանալի է, որ պետության համար կարեւոր է ներգնա զբոսաշրջությունը, որովհետեւ այս ուղղությունն ապահովում է դրամական հոսք դեպի երկիր: Պետությունը շատ լավ հասկանում է, որ կարեւորը արտահանվող ապրանքներն են, որոնք այստեղ արտադրվում են եւ դրսում վաճառվում, որից ստացված գումարները վերադառնում են մեր երկիր: Նույն արտահանումը ապահովում է ներգնա զբոսաշրջությունը, եւ այդ առումով, պետք է չափորոշիչներ դնել՝ որ ոլորտն է առավել կարեւոր պետության համար»:

Արմեն Գրիգորյանն ասում է, որ եթե իրենց աշխատողները աշխատանքից դուրս գան, նրանք չեն կարող ուրիշ գործ գտնել, քանի որ տուրիզմի ոլորտի մասնագետն են. «Իսկ այդ մասնագետները մեր ընկերության համար ամենաարժեքավորն են, որոնց վրա մենք երկար տարիներ մեր ժամանակը, եռանդը ծախսել ենք, վերապատրաստել ենք եւ ամենակարեւորը՝ սիրտ ու հոգի ենք ներդրել եւ հիմա հուսահատ վիճակում ենք»:

Պետության վերաբերմունքից վիրավորված, զբոսաշրջային ընկերություններն այս օրերին  քննարկում են պաստառներով փողոց դուրս գալու հարցը:

Արտերկրի գործընկերները խնդրում՝ աղաչում են՝ միջոցառումների ցանկ ներկայացնել՝ զբոսաշրջիկը գալու դեպքում ի՞նչ կանոններ են գործում, բայց մինչ օրս այս հարցով ռազմավարություն չունենք:

Ոլորտի ներկայացուցիչները կարեւորագույն խնդիր են համարում նաեւ տուրիզմի ոլորտում ռազմավարության բացակայությունը:
«Այն ամրագրումները, որոնք դեռեւս ունենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար, արտերկրի՝ Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի մեր գործընկերները, խնդրում են եւ արդեն՝ պահանջում են, որ մենք ներկայացնենք՝ թե մեր երկրում ի՛նչ միջոցներ են ձեռնարկվելու, ինչ միջոցառումներ են իրականացվելու զբոսաշրջիկների այցելությունների ժամանակ՝ սկսած ավիափոխադրողներից՝ ինքնաթիռներից՝ ինչպիսի կանոններ պետք է լինեն օդանավակայանում, երբ զբոսաշրջիկը ժամանեց նրան ինչպե՞ս են դիմավորելու, ի՛նչ տրանսպորտով են ուղեկցելու, տրանսպորտում ի՛նչ պայմաններ են լինելու, հյուրանոցում, մեկուսացնելու են՝ չեն մեկուսացնելու, օդանավակայանում արդյոք ստուգելո՞ւ են: Որովհետեւ շատ երկրներում արդեն հայտարարել են, որ զբոսաշրջության շարժը պահելու համար օդանավակայաններում կազմակերպվելու են վիրուսի թեստավորում, եւ եթե դրական լինի՝ մեկուսացնելու են, եթե բացասական՝ մարդը կարողանալու է առանց մեկուսացման իր հանգիստն անցկացնել: Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ տուրիստը 7 օրով ժամանել է եւ չի կարող 14 օրով մեկուսացված մնալ, դա ուղղակի տրամաբանական չէ»:

ԲՀԿ-ն ԱԺ-ում լսումներ կազմակերպեց. Արդյոք լսե՞ց կառավարությունը տուրոլորտի ներկայացուցիչների բողոքի ձայնը

Մայիսի 19-ին Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում  տուրօպերատորների խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում կազմակերպեց, որին ներկա էին զբոսաշրջության ոլորտի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Aravot.am-ը պարոն Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ արձագանք եղավ կառավարությունից: Վահե էնֆիաջյանն ասաց, որ տուրօպերատորների բարձրաձայնած խնդիրներն իր աշխատակազմում, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, իրավապաշտպան հ/կ-ների եւ փորձագետների հետ վերախմբագրել են, ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցրել եւ առաջարկություններով հանդերձ՝ 3 օրինակով ուղարկել են կառավարությանը՝ ՀՀ պարետին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դատելով ոլորտի ներկայացուցիչների դժգոհություներից, որոնք մինչ օրս բարձրաձայնում են, որ իրենց ոլորտն անուշադրության է մատնված, նշանակում է՝ որեւէ տեղաշարժ չկա: Մենք շարունակում ենք նամակներ ստանալ նույն խնդիրների վերաբերյալ»:

Պարոն Էնֆիաջյանն ասաց, որ նամակը կառավարություն ուղարկելուց հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ խնդիրներով կզբաղվեն, եւ Տուրիզմի կոմիտեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր կձեռնարկի եւ կներկայացնի նախարարություն, վերջինս էլ՝ կառավարության քննարկմանը:

ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերը, գլոբալ առումով, անհամաչափ են ճգնաժամին եւ ոչ բավարար

Թե ինչո՞ւ պետք է կառավարությունը զբոսաշրջության համար աջակցության առանձին ծրագրեր մշակի, գործարար, «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն ասում է՝ որովհետեւ այդ ոլորտն ամենատուժածներից է: Սակայն, միության նախագահը գտնում է, որ որքան էլ աջակցեն, միեւնույն է, ոլորտի փլուզումն անխուսափելի է եւ շատ ընկերություններ փակվելու են, աշխատակիցները կրճատվելու են, վարկերը չեն մարվելու:

«Ի՛նչ աջակցություն էլ, որ անեն, միեւնույն է՝ չեն կարողանալու վնասների ծավալը փակել: Տուրիզմի ոլորտը կանգուն պահելու համար ամբողջական աջակցություն որեւէ երկրում չի եղել, իսկ որոշ չափով աջակցությունը գոնե կօգնի, որ ոչ թե ասենք՝ 50 ընկերություն փակվի այլ, գոնե՝ 40»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ ընդհանրապես, ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերը, գլոբալ առումով, անհամաչափ են ճգնաժամին եւ ոչ բավարար. «Զարգացած երկրներում ՀՆԱ-ի 10 %-ի չափով է եղել տնտեսություն ներարկվող գումարները, բայց Հայաստանում 10 %-ի չափով չի եղել, կոպեկներ են եղել՝ 200 միլիոն դոլար, որը շատ չնչին գումար է ճգնաժամը հաղթահարելու համար: Արդյունքում՝ հազարավոր ընկերություններ փակվել են եւ շարունակելու են փակվել: Հարկեր չեն վճարվի, աշխատողները կմնան առանց աշխատանքի: Կանխատեսումներ կան, որ Հայաստանում 100-ից 200 հազար մարդ մնալու են առանց աշխատանքի»:

Ինչ վերաբերում է շրջանառություն չունեցող բիզնեսներին, ապա, Վահրամ Միրաքյանը կարծում է, որ այդպիսի տուժած ոլորտներին պետք է տրամադրվի հարկային արձակուրդ կամ՝ պետությունը պետք է տրամադրի առանց տոկոս վարկեր, որոնք ընկերությունները կարող են ուղղել հարկերի մարմանը. «Խոսքը ոչ թե բանկի, այլ պետության տրամադրած վարկի մասին է: Դա աշխարհում՝ Գերմանիայում եւ այլ երկրներում ընդունված պրակտիկա է, երբ պետությունը բիզնեսին փող է տալիս, բիզնեսը դա պետությանը վերադարձնում է հարկերի տեսքով: Այսինքն՝ ե՛ւ կարողանում է շրջանառու միջոց ունենալ, ե՛ւ,  ըստ էության, հարկերից թեթեւանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031