Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններով. ինչպես տարբերել կեղծիքն իրական փաստերից. Տեղեկատվության ստուգման կենտրոնի ուղեցույցը

Հուլիս 13,2020 17:15

Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունեն՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհերի մասին։

Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով։ Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ. դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։

Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։

Պաշտոնական աղբյուրեր

Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին՝ հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ Պաշտպանության նախարարություն պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերին նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:

Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։

Ադրբեջանական աղբյուրները

Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ՝ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։

Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից՝ կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդի կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մոռացված հին լուրեր

Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։

Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։

Ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր

Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։

Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։

Կեղծ լուսանկարները

Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել  Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:

Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։

Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։

Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։

Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։

Տեսանյութերի ստուգում

Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։

Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։

Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։

Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

Խմբերում տարածվող ֆեյք լուրեր

Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։

Տեղեկատվության ստուգման կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031