Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն Սերժ Սարգսյանի հարուցած շինծու քրեական գործերը տանել մինչև վերջ». Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 13,2020 16:12

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հուլիսի 16-ի դատական նիստին շարունակվեց ապացույցների զննությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց՝ ավարտվեց «Ազատություն» ռ/կ-ի տեսագրության զննությունը. «Դա պարզ հաստատում է, որ այդ հատուկ միջոցները կիրառելու ժամանակ Սարի թաղում ես որևէ կոչ քարեր նետել ոստիկանության ուղղությամբ չեմ կատարել: Եվ քաղաքացիների հետ միասին հեռացել եմ այդ վայրից, երբ այդ հատուկ միջոցները սկսեցին կիրառվել: Իմ կողքին գտնվում էր «Ազատության» օպերատորը, որն ինձ հետ զուգահեռ շարժվելուց ֆիքսել է իմ տեղաշարժն այդ հատվածում: Սա կարևոր հանգամանք էր, որը բացառում է մեղադրանքը, և այդ առումով այս տեսագրությունը մեծ նշանակություն ունի գործի համար»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ «Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է` մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն. «Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար»:

Դատարանի դահլիճում հետազոտվեցին նաև ոստիկանության կատարած տեսագրությունները: Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Ոստիկանությունն այդ օրը ցուցարարների շարքերում ունեցել է իր աշխատակիցները, որոնք նկարահանում էին ցուցարարների գործողությունները, և այս նյութերը, որոնք ներկայացված են եղել գործում և այսօր զննվել են, վկայում են, որ ոստիկանության ձեռքի տակ հավաքագրած տվյալներում որևէ ապացույց, սյուժե, որ տեղի է ունենում բռնություն կամ գույքի ոչնչացում ոստիկանության նկատմամբ, չկա: Այսինքն՝ ոստիկանության տեսանկարահանողները մասնակցել են ցույցին, տարբեր հատվածներում կատարել նկարահանումներ և ոչ մի տեղ չեն ֆիքսել նման որևէ դեպք, որը ցույց տար, որ քաղաքացիները բռնություն են ցուցաբերում ոստիկանության նկատմամբ կամ գույք են ոչնչացնում, քանի որ ըստ մեղադրանքի՝ իբր ոստիկանության գույք է ոչնչացվել»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այս նիստին բացահայտված կարևոր հանգամանք է նաև այն, որ ոստիկանության՝ այսպես կոչված ոչնչացված գույքը հիմնականում 28 ռետինե մահակ է եղել, որոնք ըստ ոստիկանության՝ իբր թե փչացել են նրանից, որ քաղաքացիները քարերով խփել են այդ մահակներին: Անդրիաս Ղուկասյանը մանրամասնեց. «Դատարանը պահանջել էր այդ իրեղեն ապացույցը, որ ներկայացվի զննության համար: Այն ներկայացվել է դատարան, սակայն դատարանը արձանագրել է, որ այդ իրեղեն ապացույցի պահպանման կարգն ապահովված չի եղել: Այսինքն՝ այն պարկերը, որտեղ պահվել են մահակները, վահանները, ոստիկանական մյուս գույքը, պատշաճ կնքված չեն եղել: Դատական գործընթացի առումով դա չի համապատասխանում անհրաժեշտ գործընթացային չափանիշներին: Քննություն իրականացնող մարմինը պարտավոր էր այդ իրեղեն ապացույցները դնել պարկերի մեջ և կնքել, ու կերևար, որ հետագայում դրանք չեն բացվել: Նման եղանակով դատարանին ներկայացված ապացույցներն, իհարկե, ապացույց լինել չեն կարող»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մյուս դատական նիստում այդ հարցը քննարկվելու է: Այս առիթով նա նկատեց. «Ակնհայտ է, որ այդ գույքը ոստիկանությունը շահագրգռված չի եղել ներկայացնել դատարանին՝ որպես ապացույց, որովհետև դատարանում պարզ կլիներ, որ մահակները չեն կարող վնասվել, այդպիսի վնասներ չեն կարող կրել քարերից կամ նետված առարկաներից, և ի հայտ կգար դատարանում, կարձանագրվեր ապացույցի կեղծումը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Հետևանքներից խուսափելու համար ոստիկանությունը և քննչական մարմինները ներկայացրել են այդ իրեղեն ապացույցները այսպիսի անօրինական եղանակով՝ ոչ կնքված՝ պարզ հասկանալով, որ դատարանը չի ընդունի դա որպես թույլատրելի ապացույց, և այդպիսով իրենք կխուսափեն նրանից, որ դատարանում կարձանագրվի, որ այդ ապացույցներն ի սկզբանե եղել են կեղծված: Այդ խորամանկությունը շատ պրիմիտիվ է, հասկանալի, ևս մեկ անգամ վկայում է՝ որքան խորքային են խնդիրները ոստիկանության, քննչական մարմինների ներսում և այդ խնդիրները գործում են առ այսօր»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ փոխարենն այդ ամենի շուրջ հետաքննություն կատարվի և պարզվի՝ ինչի համար էին և ովքեր էին ապացույցները կեղծում, որոնք պատասխանատու են այս շինծու գործի համար, ոստիկանության և քննչական մարմինների ղեկավարություններն ամեն ինչ անում են, որ պարտակեն այդ գործի վերաբերյալ հանգամանքները՝ որևէ մեկին պատասխանատվության չենթարկելու հավանական նպատակով՝ կոլեկտիվ շահերից ելնելով: Սերժ Սարգսյանի հրահանգով հարուցված այս շինծու գործը որպեսզի չպարզվի, պատասխանատվության չենթարկվեն, կատարում են այդպիսի ակնհայտ ապօրինի գործողություններ՝ օգտվելով հավանաբար անպատժելիության հնարավորությունից: Գտնվելով վարչապետի հովանու ներքո՝ այդ մարմինները վստահ են, որ անպատժելի են, կարող են ինչ ուզել, անել, նույնիսկ թողնելով բոլոր ասածներն անհետևանք՝ կհամարեն, որ ոչինչ չկա և կշարունակեն նույն վիճակով»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ գործի ընթացքը ցույց է տալիս, որ կա որոշակի ժառանգություն, որի նկատմամբ կա իրավահաջորդություն. «Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հարուցած շինծու գործերը Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն տանել մինչև վերջ: Այսօրվա դատախազությունն այդ գործերը չի կարդում: «Իմ քայլը» դաշինքը, որը մեծամասնություն է խորհրդարանում և որի վստահությունից կախված է գլխավոր դատախազի աշխատանքը, չի համարում, որ այդ գործերը՝ քաղբանտարկյալների գործերը, այնքան կարևոր են, որ դատախազության, գլխավոր դատախազի նկատմամբ վստահության հարց է: Այսինքն՝ իրենք կիսում են քաղաքական պատասխանատվությունը և իրենց վրա են վերցնում քաղաքական պատասխանատվություն այդ իրավահաջորդության համար: Այլ կերպ ասած՝ իրենք մաքրում են Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի կատարած հանցավոր գործողությունները և ամեն ինչ անում, որ պարտակեն այդ հանցագործությունը, որ ոչ ոք պատասխանատվության չենթարկվի: Բեմից ասում են՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի փախչի, բայց իրականում թիկունքում գործում են այդ հրապարակային հայտարարություններին հակառակ՝ ստեղծելով Սերժ Սարգսյանի ու նրա բանդայի համար հնարավորություն մնալ անպատիժ: Խոսքը ոստիկանության այն հանցավոր ղեկավարների մասին է, ում հանրությունը ճանաչում է՝ Վլադիմիր Գասպարյան և ոստիկանության մյուս պարագլուխներ, որոնք, բնականաբար, պատասխանատու են նման շինծու քրեական գործերի և այդ դեպքերի համար, որ ապօրինի ուժ են կիրառել: Այդ ամբողջը մի համակարգ է, այդ գործերը պարտակելու պատասխանատվությունը ներկա քաղաքական ղեկավարությունն իր վրա է վերցրել»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 10:30: Կորոշվի իրեղեն ապացույցների թույլատրելիությունը:

Անդրիաս Ղուկասյանը հայտնեց՝ հուլիսի 17-ին՝ Սարի թաղի դեպքերի հերթական տարեդարձին, հանդես կգա հայտարարությամբ և կհիշեցնեն այս խնդիրների մասին ու վստահեցրեց. «Հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված և դրա հետ կապ չունեցող քաղաքացիական ցույցերի գործերը վկայում են, որ քաղաքական իրավահաջորդություն կա այս նոր իշխանությունների և Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ ռեժիմի միջև»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031