Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցում է երկու թեկնածու, մեկը նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանն է, որի անունը հոլովվում է դոկտորական ատենախոսությունում առկա խնդրիրների ու ԿԳՄՍ նախարարության կողմից հովանավորելու համատեքստում, մյուս թեկնածուն տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանն է:
Aravot.am-ը Տիգրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու է ցանկանում մասնակցել մրցույթի մի բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար, որտեղ լարված իրավիճակ է եւ բազմաթիվ խնդիրներ կան:
«Իմ անձնական կարծիքով, լարված իրավիճակը բուհի հետ կապ չունի, այն արհեստածին է, եւ ես գնահատական չեմ կարող տալ իրավիճակի վերաբերյալ, քանի որ բավարար ինֆորմացիա չունեմ, դրա համար նման պայմաններում ինձ իրավունք չեմ վերապահի գնահատական տալ: Ինչ վերաբերում է մրցույթին, կասեմ, որ հարմար, պատեհ առիթ էր դիմելու համար:
Իմ գիտելիքները, պատրաստվածության մակարդակը թույլ են տալիս եւ մեծ ցանկություն կա օգտակար լինելու բուհին: Չէի ասի, թե բուհն այս պահին խնդիրների մեջ է, ես տեսնում եմ հնարավորություն` զարգացման նոր փուլ մտնելու եւ ցանկություն ունեմ իմ լուման ներդնել բուհի զարգացման մեջ»,-ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թեկնածուն:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե կարծիք կա, որ մյուս թեկնածուն` Դիանա Գալոյանը վայելում է ԿԳՄՍ նախարարության հովանավորությունը, ինչի պարագայում նրա` ռեկտոր ընտրվելու հավանականությունը մեծանում է, հետեւաբար, եթե ինքը չընտրվի, ի՞նչ է անելու, Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ սիրում մեկնաբանել մի բան, ինչի մասին բավարար տեղեկացվածություն չունեմ, ուղղակի ԶԼՄ-ներից եմ լսել հովանավորվելու մասին: Տիկին Գալոյանի հիմնական առավելությունն իմ հանդեպ այն է, որ նա «ներսի» մարդ է համարվում եւ երկար տարիներ աշխատում է բուհում, վերջին մեկ տարին էլ ղեկավարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, եւ կարծես ներսի խնդիրներին ավելի քաջատեղյակ է: Իմ կարծիքով, նրա հիմնական առավելություն իմ հանդեպ դա կարող է դիտվել, ոչ թե հովանավորչությունը կամ մեկ այլ բան:
Միեւնույն ժամանակ, ես վստահ եմ, որ իմ գաղափարները, որոնք պատրաստվում եմ ներկայացնել խորհրդին, դրանք բավականին նոր են, նոր են այն առումով, որ թեեւ բոլորը գիտակցում են, բայց դեռ չեն փորձել իրականացնել, մինչդեռ ինքս գիտեմ, թե ինչպես կարելի է դա անել…Ես կարծում եմ, որ իմ նոր գաղափարներն էլ իմ առավելությունն են, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե դրանք որքան համոզիչ կլինեն խորհրդին, եթե նույնիսկ, ինչպես ոմանք ասում են` հովանավորություն լինի: Թեեւ չեմ կարծում, թե նման բան հնարավոր է, որովհետեւ խորհրդում երեսուներկու անդամ կա: Այս պահին աշխատանքի մի քանի առաջարկություն ունեմ, այսօր եւս ստացել եմ առաջարկ այլ բուհերից, բայց ես ավելի շատ կցանկանայի ինչ-որ կերպ օգտակար լինել հենց տնտեսագիտական համալսարանին, որն իմ մայր բուհն է: Ես երկար ժամանակ ցանկանում էի հենց այդ բուհին օգտակար լինել:
Ամեն դեպքում, ես կառաջարկեմ իմ մտքերը, գաղափարները, օգնությունը` տնտեսագիտական համալսարանին, եթե տիկին Գալոյանը ռեկտոր ընտրվելու դեպքում համաձայնի»:
Հիշեցնենք, որ մրցույթը նախատեսված է հուլիսի 17-ին ժամը 12:00-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ