«Ապագայում ամեն սցենարի համար առկա են կանխատեսումներ: Եղել են օրեր, երբ վարակի տարածման գործակիցը մեկից բարձր էր, եւ քննարկվում էր մինչեւ աշուն կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմ կիրառելու հարցը՝ պարետային ժամի սահմանմամբ: Այս սցենարը նախատեսում էր տասը շաբաթյա ռեժիմ, որի գագաթնակետը չորս շաբաթյա պարետային ժամի սահմանումն էր»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նշյալ սահմանափակումները ենթադրելու էին միջմարզային տեղաշարժի արգելք եւ աշխատանքային օրերին երեկոյան ժամից սկսած՝ տեղաշարժի սահմանափակում. «Շաբաթ կիրակի օրերին նախատեսվում էր քաղաքացիների տեղաշարժի եւ տնտեսական սահմանափակումներ: Այնուամենայնիվ, սրանով կլինեին ոչ բարենպաստ տնտեսական հետեւանքներ, որոնց ազդեցությունը տարեկան ՀՆԱ-ի վրա 0,8%-ի չափով կլիներ: Այս գնահատումները եւ առողջապահական համակարգի ներկա պատրաստվածությունը հնարավորություն են տալիս սպասարկելու հոսպիտալացվածներին, եւ սա պատճառ դարձավ, որպեսզի այս պահին խիստ սահմանափակումներ չկիրառվեն: Սակայն ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլեւս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնելու, վերսկսելու ենք նման քննարկումները եւ նշյալ սահմանափակումները կիրառելու ենք ամբողջական վերահսկողության եւ կարգապահության ապահովման նախապայմանով»:
Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝ պարետատունը մշակում է մի շարք ոլորտների կառավարման ծրագրեր, մասնավորապես՝ առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրեր, որոնց իրագործումը, սակայն, կախված է լինելու համաճարակային իրավիճակից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ