Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը արտակարգ դրությանը փոխարինող օրենսդրական փաթեթ է մշակում

Հուլիս 13,2020 13:38

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում արտակարգ դրությունը, այն արդեն չորս անգամ երկարաձգվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է՝ բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում՝ արտակարգ միջոցներ ձեռնարկել. «Բայց մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չունենք: Հետեւաբար, եթե չերկարացնենք, հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համակարգը դե յուրե ուժը կկորցնի, սա է պատճառը, որ մենք ստիպված ենք երկարացնել: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ: Մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որն իր սահմանափակումներով եւ ծանրությամբ կլինի շատ թեթեւ, թիրախավորված եւ հենց հակահամաճարակային տրամաբանությամբ կառաջնորդվի»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց. «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգն ինչպես առկա էր, այնպես էլ շարունակում է առկա լինել: Այդ օրենսդրությունը առողջապահության նախարարությունում կարծես թե մշակման փուլում է, կներկայացվի մեզ փորձաքննության: Մենք այդ օրենսդրությունը կիրառելիս կրկին պետք է գնահատենք՝ արդյոք այդ դեպքում այս գործիքակազմով հնարավոր լինելու է վիճակը վերահսկել, թե ավելի մեծ ազդեցության կարիք կա, այսինքն՝ արտակարգ դրությունը: Այնուամենայնիվ, տեղեկացնեմ՝ բոլոր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են արտակարգ դրությամբ, հնարավոր է սահմանափակել նաեւ ճյուղային օրենսդրական հստակ կարգավորումներով: Իհարկե, ծավալների մասով կունենանք մեղմացում: Եվ հենց սա պետք է գնահատենք՝ արդյոք այդ մի փոքր ավելի մեղմ միջոցներով հնարավոր լինելո՞ւ է հասնել արդյունքի, թե՞ ոչ»:

«Մեր լավագույն ցանկությունը հենց դա է. որպեսզի կարողանանք ունենալ այդպիսի գործիքակազմ, իհարկե, այնքանով, որքանով մեր իրավական եւ սահմանադրական կարգավորումներն այս պահին թույլ կտան նման ճանապարհով գնալ»,-ասաց վարչապետը:

Այսօր ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրելու, որտեղ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշման նախագիծն է քննարկվելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031