Կորոնավիրուսով հիվանդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը շարունակում է բարձր մնալ՝ մոտ 650 մարդ, որոնցից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացնելով հանգստյան օրերին վարակակիրների մասին տվյալներն, ասաց՝ շաբաթ օրն արձանագրվել է 577 նոր դեպք, կիրակի՝ 182 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը 32 հազար 151 է: Նախարար Թորոսյանն ասաց, որ կիրակի օրվա դեպքերի ցածր ցուցանիշը պայմանավորված է ոչ աշխատանքային օրով եւ թեստերի քիչ հետազոտությամբ:
Հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին էլ նախարարն ասաց՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված են, սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները՝ հարաբերականորեն ավելի քիչ լարված. «Այս առումով ունենք փոքր դրական դինամիկա։ Տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիներ գործնականում չունենք առավոտյան ժամ 9-ի դրությամբ: Մեկ քաղաքացի սպասում է ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխվելուն»:
Պարոն Թորոսյանն ասաց, որ հունիսի կեսերին հոսպիտալացման սպասող մոտ 300 քաղաքացիներ ենք ունեցել. «Միջոցառումները պետք է շարունակել եւ կարեւոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի առնվազն եւս մեկ անգամ մեկ ամսով երկարացումը եւ արդեն եկող մեկ ամսվա ընթացքում դինամիկային հետեւելով՝ որոշումների կայացումը: Եթե մեր շատ վաղ գնահատականներով այս կայուն ու կայունից մի քիչ թեթեւ իրավիճակը շարունակվի, հնարավոր է այլ որոշումներ կայացվեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ