Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ»

Հուլիս 13,2020 12:12

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նախարար Տոնոյանը զեկուցեց. «Երեկ 12-ն անց կես մեր դիրքերից մեկին մոտենում է ՈւԱԶ ավտոմեքենա ու անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից եւ շարժվում են դեպի մեր դիրքը, որը կարեւոր է, որ բոլորն իմանան՝ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս՝ ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով հնարավոր ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը կամ աշխարհագրության կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառը եւ կոչ են անում լքել տարածքը, որը եւ իրականացվում է՝ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքեր։ Դրանից հետո սկսվում է 82 մմ-ոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժը դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ՝ նահանջել է։ Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկվում է։ Դադարը եղել է գիշերը 3 անց կեսից մինչեւ 5 անց կես։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը։ Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել, հեռացել են. «Հնարավո՞ր է այդ մեքենան ուզեցել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել։ Պարոն Տոնոյանը պատասխանեց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երեւի ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվեր։ Անմիջապես սկսվել է հրետակոծություն»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչները երեկ գիշերվանից կապի մեջ են եղել միջազգային գործընկերների հետ եւ տեղեկացրել են իրավիճակի վերաբերյալ, հաղորդակցությունը շարունակվում է:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտնեց, որ երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ. «Տեղեկատվության փոխանակման եւ համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է եւ հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ՝ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ու նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Եվ սա նույնպես շարունակական է, եւ այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է։ Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ»:

Վարչապետն ասաց. «ՀՀ զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, եւ որեւէ կասկած չկա, որ մեր զինված ուժերը ի վիճակի են եւ կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031