Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիան հիմա առանձնապես չի էլ ձգտում Եվրամիության անդամ դառնալ»

Հուլիս 13,2020 13:30

Ըստ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ այդ պատճառով ԵՄ առանձին երկրներից,  առանձին գործիչների կողմից Թուրքիայի հասցեին հնչող քննադատությունները Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն:

«Թուրքիան հիմա իսկապես  առանձնապես չի էլ ձգտում Եվրամիության անդամ դառնալ, քանի որ նրա նպատակներն այլ են. ուզում է ուղղակի տարածաշրջանում դառնալ առաջատար ուժ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Մեր փաստմանը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էլ՝ Եվրամիությունը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները անդամակցության հարցով, քանի որ այդ բանակցությունները դարձել են պատմական սխալ, Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքեց. «Վերջին տարիներին Թուրքիան, ըստ էության, հայտարարել է, որ ինքն առանձնապես չի էլ ձգտում ԵՄ անդամ դառնալ: Թուրքիայի անդամակցության հետ կապված ԵՄ-ի հետ բանակցությունները սառեցված են. չկա բանակցություն: Դրա համար ԵՄ առանձին երկրներից, առանձին գործիչների կողմից Թուրքիայի հասցեին հնչող քննադատությունները Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն»:

Բայց կարելի՞ է ընդունել, որ ԵԺԿ ղեկավարի հայտարարությունն առանձնահատուկ էր եւ կարող է հետագա զարգացումների վրա մեծ ազդեցություն ունենալ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Եվրամիությունը պատրաստ է փոխել իր մոտեցումը: ԵՄ-ն մի կողմից Թուրքիայի առաջ չի ուզում վերջնականապես փակել դուռը, մյուս կողմից էլ չի ուզում, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ: ԵՄ որոշ երկրներ ավելի հակված են Թուրքիային ԵՄ-ի անդամ տեսնել, մասնավորապես Մեծ Բրիտանիան, բայց նա էլ դուրս եկավ ԵՄ-ից: Կան էլի երկրներ, որոնք ուզում են Թուրքիային տեսնել ԵՄ-ում, բայց չեմ կարծում, որ ԵՄ-ն կտրուկ կփոխի իր քաղաքականությունը: Գնալով ավելի շատ են քննադատում Թուրքիային, բայց մյուս կողմից եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթը հասկանում է հետեւյալ կերպ՝ ավելի լավ է Թուրքիային նույն չափով սանձերի մեջ պահել, քան լրիվ բաց թողնել, որ ինչ ուզի, անի: Սա եվրոպական մոտեցում է, բայց այն  Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա առանձնապես չի ազդում, քանի որ նա ավանտյուրիստ մարդ է»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ իր ռազմավարական նպատակն է տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելը: Այս առիթով պարզաբանեց. «Տարածաշրջան ասելով՝ պետք է հասկանալ Մերձավոր Արեւելքը՝ Միջերկրական ծովի արեւելյան շրջանները, ինչպես նաեւ Բալկանյան թերակղզին, հյուսիսային Աֆրիկան, եւ ընդհանրապես Աֆրիկայում մենք տեսնում ենք Թուրքիայի ակտիվացումը. նա իր այս նպատակին հասնելու համար օգտագործում է բավական անկախ քաղաքականություն, որը շատ դեպքերում ձեռք է բերում արկածախնդրության ուժեղ տարրեր: Մյուս հանգամանքն այն է, որ Թուրքիան օգտագործում է իր այդ ձգտումը առաջատար դիրքերի հասնելու համար՝ օգտագործելով իր զինված ուժերը: Հիմա մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են աշխարհի մի շարք երկրներում. բացի Սիրիայից, Իրաքից Թուրքիան ունի նաեւ ռազմաբազա Սոմալիում, թուրքական զորքերը  գտնվում են աֆրիկյան մի շարք երկրներում, տեսնում ենք, որ Թուրքիան զորքեր է տեղափոխում Լիբիա, թուրքական զորքերն արդեն տասնամյակ է գտնվում են Հյուսիսային Կիպրոսոմ, արդեն մշտական հիմքերի վրա որոշակի հատուկ ստորաբաժանումներ պահում է Նախիջեւանում եւ այլն: Թուրքիան  սկսում է իր զինված ուժերն օգտագործել իր այս հավակնություններն իրականություն դարձնելու համար»:

Ռուբեն Սաֆրաստյանը փաստեց՝ Էրդողանն իր այս նպատակներին հասնելու համար վերջին տարիներին կանգ չի առնում ոչ մի խոչընդոտի առաջ, իսկ ԵՄ-ի տարբեր անդամ երկրներից, ԱՄՆ-ից հնչող քննադատություններին ուշադրություն չի դարձնում: Ըստ թուրքագետի՝ Թուրքիան կշարունակի իր այս քաղաքականությունը մոտակա տարիներին եւս:

Մեր հարցին՝ կարելի՞ է ասել, որ Թուրքիայի՝ ԵՄ չձգտելու այս քաղաքականությունը կարող է ազդել նաեւ հայկական հարցի վրա եւ առանձնապես ձեռնտու չէ Հայաստանի համար, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «ԵՄ-ն չի կարող ազդել Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Դա այն ոլորտն էր, որտեղ ամերիկացիները որոշ ազդեցություն ունեին 90-ականներին, երբ Հայաստանը դեռ նոր էր  անկախություն ձեռք բերել, 2000-ականների սկզբներին: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան գնալով իրեն ավելի ազատ է պահում, ամերիկյան ազդեցությունից դուրս է գալիս՝ չնայած մնում են իհարկե դաշնակիցներ, բայց Ամերիկայի հնարավորությունները Թուրքիայի վրա ազդելու՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով, դա էլ է շատ թուլացել»:

Թուրքագետի համոզմամբ՝ մոտակա տարիներին ավելի կերեւա, որ Թուրքիան իրեն պահում է լկտի տարբեր ուղղություններով՝ Լիբիայում, Միջերկրական ծովի արեւելյան շրջաններում, որտեղ նավթ ու գազ է փնտրում, Սեւ ծովում, նաեւ Հարավային Կովկասում, քանի որ Նախիջեւանում Թուրքիան սկսել է ռազմական բազայի ստեղծման գործընթաց: Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ սա ամբողջ բալանսն է նաեւ փոխելու Հարավային Կովկասում:

Նա նշեց. «Թուրքիայի նպատակն է Հարավային Կովկասը ռազմական առումով դուրս բերել ռուսական ազդեցության այն մնացորդներից, որոնք դեռ կան եւ այստեղ ավելի ուժեղացնել թուրքական ազդեցությունը: Այնպես որ, սրանք Թուրքիայի մեծ նպատակներն են, եւ այդ տեսանկյունից նրա համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չունի նշանակություն, հետաքրքիր չէ դա Թուրքիային: Առաջ, որ ԱՄՆ ճնշումներն էին, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մեջ էին մտնում՝ առեւտրի, ինչ-որ մի բան տեղի էր ունենում, հիմա սա արդեն գործոն չէ: Այնպես որ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ոչ մի ցանկություն չունի ու չի էլ ունենա մոտ ապագայում: Մեր պետականությունը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ հնարավոր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին նույնիսկ մտածել, քանի դեռ Էրդողանը կա»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031