Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու կամ ինչպես ինձ մեղավոր ճանաչեմ

Հուլիս 13,2020 13:00

Վահե Բալասանյանը երեկ հրավիրվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին` ավագ քննիչ Ա.Չոբանյանի մոտ քրեական գործով քննչական գործողությունների մասնակցելու համար:

Նախկինում չդատապարտված, միջնակարգ կրթությամբ Վահե Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Մալխասյան եղբայրների հետ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերվածի, Վահեն անցյալ տարվա հունվարին, Անդրանիկ Մալխասյանի անվամբ գրանցված BMW ավտոմեքենայով, Շիրազ-Մալխասյան փողոցների խաչմեկուկում բախվել է Ռոբերտ Դավթյանի Toyota ավտոմեքենային: Ըստ գործի նյութերի, Վահեն առանց վարորդական վկայականի է եղել: ԱՊՊԱ-ի աշխատակցին դեպքի վայրում եղած Հակոբը հայտնել է, թե ղեկին եղել է ինքը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն էլ զրկվել է Ռ.Դավթյանին 811 800 դրամ գումարը փոխհատուցելուց:

Վահե Բալասանյանը հայտարարությամբ դիմել էր քննիչին,  գրելով. «Մալխասյանների հետ նախնական հանցավոր համաձայնության մասին խոսք լինել չի կարող, քանի որ վթարից անմիջապես հետո ես ապահովագրական ընկերության աշխատակցի մեքենայի մեջ Ա. եւ Հ. Մալխասյանների ներկայությամբ գրել եմ պարտավորագիր, որն ամբողջությամբ թելադրվել է ԱՊՊԱ-ի աշխատակցի կողմից, եւ ըստ այդ պարտավորագրի ես պարտավորվել եմ ողջամիտ ժամկետում հատուցել Ռոբերտ Դավթյանի ավտոմեքենային  պատճառած վնասը: ԱՊՊԱ-ի աշխատակիցը գիտեր ողջ ճշմարտությունը, այն, որ ղեկին եղել եմ ես, այլապես այդ բնույթի պարտավորագիր չէր վերցնի: Իսկ թե ինչու է ԱՊՊԱ-ի աշխատակիցը ծառայել երկու տիրոջ միաժամանակ, ես այդ մասին չեմ կարող ասել»:

«Առավոտ»-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում նրա «վթարի գործը»,  երեկ Վահե Բալասանյանը հեռավար զրույցի ժամանակ ասաց. «Հունիսի 22-ին ավագ քննիչ Ա. Չոբանյանը քննչական բաժնում ինձ համոզում էր, որ ես առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր ճանաչեմ` ասելով, որ այդ մեղադրանքի համար ինձ կտան մեղմ պատիժ` կդատապարտեն պայմանական ազատազրկմամբ: Ես նրան պատասխանեցի, որ եթե ես այդ դիսպոզիցիայով հանցավոր արարք չեմ կատարել` ինչու կամ ինչպես ինձ մեղավոր ճանաչեմ:

Նրա մոտ իրարանցում սկսվեց, երբ ես ասացի, որ ցանկանում եմ ունենալ պաշտպան: Ինձ տալով ծանուցագիր քննչական գործողություններին մասնակցելու համար՝ հրավիրեց հարցաքննության հունիսի 24-ին, ժամը 14:30-ին: Պաշտպանիս հետ պայմանավորվել էինք, որ այդ օրը այդ ժամին լինենք քննչական բաժնում,  մինչդեռ հունիսի 24-ին, ժամը 12-ի մոտակայքում նա զանգահարեց իմ բջջային հեռախոսին, ասելով, որ այդ օրը հարցաքննություն չի կայանա եւ լրացուցիչ ինձ կծանուցի»: Տեղեկացանք, որ նրա պաշտպանությունն այսուհետ իրականացնելու է փաստաբան Աղասի Աթաբեկյանը:

Քննիչի մոտ նա գրել էր. «Եվս մեկ անգամ նշեմ, որ ԱՊՊԱ-ի աշխատակիցը քաջատեղյակ էր, որ BMW ավտոմեքենայի ղեկին եղել եմ ես, այլ ոչ թե Հակոբը:

Դա է եղել նաեւ պատճառը, որ նա ինձնից վերցրել է պարտավորագիր գույքային վնասը հատուցելու համար:

2019 թվականի փետրվար ամսին իմ կողմից Անդրանիկ Մալխասյանին ամբողջությամբ հատուցվել է երկու ավտոմեքենաների վթարի հետեւանքով պատճառված վնասը: Ես Անդրանիկին առձեռն, կանխիկ վճարել եմ 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, որի համար նրանից չեմ վերցրել ստացական եւ կարծում եմ, որ նա չի կարող հոգուն մեղք առնի եւ ժխտի իմ կողմից այդ գումարը նրան տալու փաստը: Նրան` մորս` Իզաբելլա Բալասանյանի կողմից 2019թ. հոկտեմբերին տրվել է BMW մակնիշի 650 I մոդելի 36 FQ 802 համարանիշով ավտոմեքենան Անդրանիկի նախընտրած պայմաններով եւ գնով  այն վաճառելու, հաշվառումից հանելու, կամ հաշվառման կանգնեցնելու մասին լիազորագիր: Մայրս այդ լիազորագիրը տվել է նրան անսալով, տեղի տալով իմ թախանձագին խնդրանքներին, այնպես որ, Մալխասյան եղբայրներն ինձ դրել են կթան կովի տեղ ու եթե Անդրանիկը մեղք առնի հոգուն ու ժխտի  իմ կողմից առձեռն 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ տալու փաստը, ապա չի կարող ժխտել ավտոմեքենան, որի շուկայական գինը, ըստ ինձ, 15 000 ԱՄՆ դոլար է, իրեն տալու, փաստորեն, «նվիրելու» փաստը»:

Վահեն ասում է, որ մինչ օրս տեղյակ չի, թե Ա. Մալխասյանի ավտոմեքենան ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ, իսկ երբ եկել է ԱՊՊԱ-ն. «մտածեցի թե դա Դավթյանի մեքենայի ԱՊՊԱ-ն է եւ եկել է Դավթյանի կանչով»:

Վահեի պաշտպան Աղասի Աթաբեկյանն ասաց, որ վթարից հետո Վահեն չի դիմել փախուստի, եւ որ նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Վահեն իր հերթին չի իմացել, որ վթարից հետո Անդրանիկն է զանգել, կանչել եղբորը` Հակոբին: Նա տեղյակ չի եղել, որ Ռ.Դավթյանին փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը 811 800 դրամի չափով եւ հետեւաբար` ԱՊՊԱ-ն զրկված էր դրա պահանջի հետադարձ իրավունքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031