Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական
թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ
– «Առավոտը» ձեր ղեկավարած ծրագրի ստեղծման օրվանից (2016թ.) ուշադրության կենտրոնում է պահում ծրագրում ընդգրկված երիտասարդ երգիչների գործունեությունը։ Նրանցից շատերը դափնիների են արժանացել միջազգային մրցույթներում, մի մասին էլ գլխավոր դերերգեր են վստահվել թատրոնի խաղացանկային ներկայացումներում։ Այս անգամ ձեզ հետ հանդիպման առիթը միջազգային հայտնի օպերային կայքէջերի կիսվելն է Երիտասարդական ծրագրի կայքէջում տեղ գտած կատարումներով։ Նշենք մեկ-երկուսը՝ շուրջ կես միլիոն հետեւորդ ունեցող for those who love opera ֆեյսբուքյան էջը, www.themetopera.family.org, որը «Մետրոպոլիտեն» օպերայի ֆանատների էջն է եւ այլն։ Ինչո՞վ է պայմանավորված նման հետաքրքրությունը։
– Երիտասարդական ծրագրի մասնակիցները մինչ օրս բաց չեն թողել եւ ոչ մի պարապմունք։ Մարտից դասերն անցկացվում էր հեռակապով, իսկ մայիսից արդեն անցել ենք, ինչպես ընդունված է ասել՝ կանոնավոր աշխատանքի։ Մեզ համար մեծ պատիվ էր Երիտասարդական ծրագրի երգիչների առանձին «բլոկով» ելույթը եղեռնի զոհերի հիշատակի օրը, մասնակցությունը Հ1-ով կազմակերպված համերգին՝ նվիրված եռատոնին։ Մենք Հայաստանից առաջինն էինք, որ մայիսի 29-ին ուղիղ հեռարձակմամբ, իհարկե՝ առցանց, մասնակցեցինք Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառմանը։ Համավարակի շրջանում մեր բոլոր համերգները, ելույթները, մասնակցությունը տարբեր միջոցառումներին հասկանալի պատճառով հնարավոր չէ նշել, որովհետեւ դրանք բազմաթիվ են, բայց առանձնացնեմ եւս մեկը. Պուշկինի ծննդյան օրվա առիթով Ռուսական արվեստի թանգարանում մասնակցեցինք գրական-երաժշտական մի նախագծի, որի կազմակերպիչներն էին Մոսկվայի տունը եւ «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Այդ միջոցառման աջակիցը գիտության, կրթության, մշակույթի ե սպորտի նախարարությունն էր։
Oպերայի Երիտասարդական ծրագրի երգիչները
– Օրերս իր «համավարակային» ելույթներից մեկում մեր առողջապահության նախարարը նշեց, որ երգեցողությունը խթանում է վիրուսի տարածումը, իսկ դուք հենց նոր ասացիք, որ մայիսից անցել եք կանոնավոր աշխատանքի…
Կարդացեք նաև
– Այո, նշեցի, բայց հավելեմ, որ մեր փորձերն անցկացնում ենք պարետի առանց բացառության բոլոր հրահանգներին համապատասխան։ Ընդունում եմ, որ կա վտանգ, բայց հասկանալի է, չէ՞, որ երգիչը չի կարող երգել դիմակով։ Այո, գիտակցաբար վտանգում ենք մեր առողջությունը, որովհետեւ մեր ծրագրի մասնակիցները ընտրվել են խիստ չափորոշիչներով, նրանք մեր երկրի իսկապես լավագույն երիտասարդ ձայներն են եւ, բնականաբար, չենք կարող թույլ տալ, որ նման ուժերը իջնեն իրենց լավագույն «մարզավիճակից»։ Առանց չափազանցնելու հայտարարում եմ, որ Երիտասարդական ծրագրում ընդգրկվածները այս պահին իրենց սերնդակիցների համեմատ գտնվում են հիանալի «մարզավիճակում» եւ, կրկնում եմ՝ պահում ենք անվտանգության կանոնները։
– Իսկ նախարարությունը որեւէ աջակցություն ցուցաբերո՞ւմ է ծրագրին։ Գիտենք, որ անցյալ տարի նախարարությունից ստացել եք դրամաշնորհ…
– Այո, 2019թ. դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրել ենք համերգներ եւ վարպետության դասեր ՀՀ երեք մարզերում՝ Շիրակի, Արարատի եւ Տավուշի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում։ Այս գարնանը եւս շահել ենք դրամաշնորհ, սակայն հասկանալի պատճառով այն դեռեւս սառեցված է, հույս ունենք, որ համաճարակի մեղմանալուն պես այն կօգտագործվի կամ գուցե հնարավորություն ընձեռվի դրամաշնորհի օգտագործումը այլ ձեւաչափով։ Նշեմ նաեւ, որ վերջերս նախարարության հայտարարած մրցույթին մենք երեւանյան չորս թանգարանների հետ՝ Սպենդիարյանի, Ռուսական արվեստի, Չարենցի եւ Կոմիտասի, ներկայացրել ենք համատեղ ծրագիր՝ համերգների անցկացում 3D ձեւաչափով, որոնց ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա նաեւ «շրջել» թանգարաններում։
– Օրերս ռուսական ԶԼՄ-ները հանդես եկան հայտարարությամբ, որ օգոստոսի մեկից վերաբացվում են ռուսաստանյան բոլոր թատրոններն ու կինոթատրոնները…
– Հարցը հասկանալի է, բայց, տեսեք՝ մի կողմից մեր հասարակությունն արդեն ունի մշակութային վիտամինի պակաս, ինչով էլ կամ որոշ չափով, պայմանավորված է մարդկանց որոշ մասի ագրեսիվ, անհանդուրժող պահվածքը, մյուս կողմից՝ մեր երկիրն այս պահին մեկ միլիոն բնակչության վարակվածության հաշվով աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Համեմատել կամ համեմատվել երկրների հետ, որտեղ վարակվածության ցուցանիշը ցածր է կամ նրանք գտնվում են բարվոք վիճակում, ճիշտ չեմ համարում։ Իմ կարծիքով՝ թատրոնները պետք է վերաբացվեն այն ժամանակ, երբ համոզված կլինենք, որ մեր գործունեությունը չի հանգեցնի մարդկային ողբերգությունների։ Ինչ խոսք, ես ու իմ արվեստագետ կոլեգաներս երազում ենք մեկ օր շուտ հանդիպել հանդիսատեսի հետ…
Մարդկությունը տեսել է մեծ համաճարակներ, քան այս վիրուսն է, օրինակ՝ 100 տարի առաջ, չունենալով զարգացած առողջապահություն, մարդկությունը դիմակայեց իսպանական գրիպին, որը խլեց 50-100 միլիոն կյանք։ Բայց մշակույթը ապրեց, չէ՞, հիմա էլ այն կհաղթահարի։
– Վերադառնանք Երիտասարդական ծրագրին։ Ձեր երգիչները, ըստ էության, ազատ արվեստագետներ են, չեն ստանում աշխատավարձ… Լիտվան, օրինակ, կարանտինի սկզբում պետական մշակութային օջախներում աշխատող արվեստագետների աշխատավարձին ավելացրել է 607 եվրո, իսկ 3 միլիոն եվրո ուղղել է արվեստի «ոչ պետական մասին»՝ ազատ արվեստագետներին…
– Երիտասարդական ծրագրում ընդգրկված երգիչները բնականաբար թատրոնի մեներգիչներ չեն եւ հետեւաբար աշխատավարձ չեն ստանում, չունեն ֆինանսի եւ ոչ մի աղբյուր։ Բայց վերջերս Ազգային ժողովում եւ ԿԳՄՍ նախարարությունում կայացել են քննարկումներ հենց ազատ արվեստագետներին աջակցություն տրամադրելու հարցով։ Ի դեպ, արդեն չորս տարի է, այսինքն՝ Երիտասարդական ծրագրի ստեղծման պահից, պայքարում ենք, որ ծրագրի մասնակիցներին տրամադրվի գոնե նվազագույն ֆինանսական աջակցություն, ծրագիրը ըստ էության հետբուհական կրթություն է, եւ այս պահին նրանց պետք է դիտարկել որպես ազատ արվեստագետներ։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2020