Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն է լինելու Հանրակրթության պետական չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը և կներդրվի՞ արդյոք մոնիթորինգի համակարգ

Հուլիս 13,2020 10:37

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին

Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։

Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի նախագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձևակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով։ Ութ առանցքային կարողունակություններն ամփոփում են դպրոցից ընդհանրական պահանջը, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ»,-նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ չափորոշչի նախագծով՝ խնդիր է դրվել հասկանալ ու ձևակերպել, թե ինչպես է առանձին առարկան մասնակցում ընդհանուր կարողունակության ձևավորմանը։

«Մենք հանրակրթությունը պատկերացնում ենք որպես մի գործընթաց, որտեղ ամենակարևորը սովորողի շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե առարկաների։ Բացի այդ, մենք դպրոցին և ուսուցչին տալիս ենք ազատություն՝ իր վերջնարդյունքը որոշելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով չափորոշչի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։

Այն է՝

Ծրագրի էական բեռնաթափում՝ ըստ աստիճանների նվազագույն ժամաքանակների մասով, որի շնորհիվ առաջարկվում է երկրորդ և չորրորդ դասարանում ևս երկուական շաբաթ հավելյալ արձակուրդի հնարավորություն ուսումնական տարվա ընթացքում։

Գնահատման փոփոխություն դեպի բնութագրող գնահատումը. հրաժարվել անբավարար գնահատականից, դրա փոխարեն սովորողների հետ աշխատել տարվա ընթացքում, այդ թվում կիրառելով հարակից գործիքները՝ պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների հաշվառման, երկարօրյա ուսուցման հնարավորությունները։ Միավորային գնահատումն առաջարկվում է սկսել հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից։

Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որևէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։

Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ և այլն։

​​​​​​​Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փաստաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով և քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձևավորումը։

Խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է՝ արդյոք չափորոշչի նախագծով պայմանավորված կրթական այս մեծ բարեփոխումն ուղեկցվելո՞ւ է հարակից այլ փոփոխություններով՝ դպրոցների կառավարման համակարգ և այլն, որքանո՞վ կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրությունը՝ կապված ինտեգրված առարկաների հետ, ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, ինչպիսի՞ն է լինելու չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը և կներդրվի՞ արդյոք մոնիթորինգի համակարգ։

Խորհրդի անդամներին հետաքրքրել է նաև, թե ծրագրի բեռնաթափումը ո՞ր առարկաների հաշվին է լինելու, բացի այդ, խնդիր է դրվել փաստաթղթում ներառական կրթության մասով հստակեցման, ինչպես նաև անդրադարձ է եղել սոցիալական մանկավարժի հաստիքին։

Ժաննա Անդրեասյանը, մանրամասն պատասխանելով հնչեցված հարցերին և արձագանքելով բոլոր մտահոգություններին, շնորհակալություն է հայտնել առաջարկների և շահագրգիռ քննարկման համար։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ ստացված հազարավոր առաջարկները վկայում են այն մասին, թե հանրությունը որքան է կարևորում կրթության ոլորտի փոփոխությունները։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է քննարկել բոլոր առաջարկությունները և իրականացնել համապատասխան լրամշակումներ։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031