Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեցի՝ ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ, առավոտյան իմացանք՝ մահացել է». կորոնավիրուսից մահացածի կինը բողոքում է՝ Այրվածքաբանականում ամուսնուն անտերության են մատնել

Հուլիս 12,2020 17:53

«Ես, որ շուտ հասկանայի կամ մեկն ինձ գլխի գցեր, ավելի շուտ միջոցներ կձեռնարկեի եւ այսօր ամուսինս կենդանի կլիներ»,-կորոնավիրուսը նոր հաղթահարած, սակայն ամուսնու մահվան փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ չկարողացավ ամուսնու՝ 53-ամյա Լեւոն Մելիքյանի կյանքը փրկել:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նունեն կասկածներ հայտնեց, որ բժիշկները ուշադիր չեն եղել, «անտերության են մատնել» ու նրանց անտարբերության պատճառով է ամուսնու մոտ հիվանդությունը խորացել, երբ նա գտնվել է  Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասելիս:

Կնոջ խոսքով, երկու օր ամուսինը գտնվել է այդ կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ՝ մինչեւ որ թեստի պատասխանը կգա, բայց, օրվա ընթացքում, երբ զանգել է ամուսնուն, որը 39 աստիճան ջերմությունով պառկած է եղել, ամուսինը ասել է՝ անտերության եմ մատնված, ոչինչ չեն անում, գալիս են, ջերմությունը չափում, ջերմիջեցնող են տալիս ու գնում են:
«Իր ասած բառերն եմ փոխանցում: Այդ երկու օրն էլ ջերմությունը 39-ից  բարձր էր: Երկու օր այդպես պահեցին, մինչեւ թեստի պատասխանը եկավ դրական: Բայց նախքան թեստ հանձնելը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում ամուսնուս թոքերը ԿՏ ենք արել եւ պատասխանը եկել էր՝ երկկողմանի թոքաբորբ՝ COVID-ի պատկերով: Եվ անկախ այդ հանգամանքից նրան ոչինչ չեն արել, սպասել են թեստի պատասխանին»,-ասում է մեր զրուցակիցը: Այդ ընթացքում որդին է սկսել  ջերմել:

«Այրվածքաբանականից զանգում են մեզ, ասում են՝ եկեք ձեր հիվանդին տուն տարեք, ինքը 60 տարեկան չկա եւ կարող է տանը բուժվել: Տղայիս հանում եմ, ջերմությունով ուղարկում եմ, որ հորը տեղափոխենք մեկ այլ հիվանդանոց: Մեծ դժվարությամբ տեղավորում ենք Ոստիկանության հոսպիտալ, որը գտնվում է Ավանում: Ես մանրամասն չգիտեմ ու չեմ կարող ասել՝ Ավանում ինչ բուժում են արել, բայց Այրվածքաբանականում ոչինչ չեն արել: Ես, չլինելով բժիշկ, տեսնում էի, որ այդ մարդու գույնը կապտած է եւ հասկանում էի, որ նրա արյան հետ ինչ-որ բան է կատարվում: Հունիսի 21-ին, երբ դեռ հոսպիտալում էր, կեսօրին զանգեցի ամուսնուս, ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ: Երեկոյան տեղեկանում ենք, որ արյան մեջ թթվածինը 60-ից ընկած է լինում՝ 33-ի: Զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ: Առավոտյան տղաս զանգում է վերակենդանացման բաժանմունք, ասում են՝ մահացել է»:

Կինն ասում է, որ ամուսինն ուներ սրտանոթային խնդիրներ՝ ճարպակալումով պայմանավորված, զարկերակային գերճնշում եւ ծնկների հոդացավեր, բայց առողջական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ այսպիսի ելք լիներ:
«Մահվան էպիկրիզում գրել են նախաինֆարկտային վիճակ, COVID-19: Բայց, եթե չեք դիահերձել, ի՞նչ իմացաք ինֆարկտից է մահացել: Մի գուցե կորոնավիրուսը չլիներ, ինքն ամիսներ հետո ինֆարկտ ստանար, ես չեմ կարող ասել: Ուղղակի ես ինձ եմ վատ զգում, որ շուտ գլխի չընկանք: Եթե շուտ տեղափոխեինք այլ բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն կցուցաբերեին, գուցե կենդանի լիներ»,-ասում է տիկին Նունեն՝ նշելով, որ ինքը, ընտանիքի այլ անդամների հետ մեկտեղ, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, բայց քրոնիկ հիվանդություններով հանդերձ այն ավելի հեշտ է հաղթահարել. «Հիմա մարդը չկա, շատ հանգիստ կասեն՝ էս  ենք արել, էն ենք արել, դե գնա ու ապացուցի, որ չեն արել կամ՝ արել են»:

Ինչպես մեր զրուցակիցը պատմեց, ամուսնու ինքնազգացողությունը վատացել է հունիսի 10-ին: Երկու օր փորլուծություն եւ ջերմություն է ունենում: Երբ տեսնում են, որ ջերմությունը չի իջնում, երրորդ-չորրորդ օրը դիմում են տեղամասի թերապեւտին, որն ուղեգրում է ռենտգեն-հետազոտության, սակայն, Նունե Մելիքյանի խոսքով, այնքան հերթ է լինում, որ ամուսինը չի կարողանում սպասել՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով թողնում՝ տուն է գալիս: Բայց թերապեւտն ապահովության համար, հակաբիոտիկներ է նշանակում: Սակայն, օր օրի ամուսնու վիճակը վատանում է եւ, կնոջ խոսքով, գույնը կապտում. «Շտապօգնությունը գալիս է՝ արյան մեջ թթվածնի քանակն է ստուգում, ջերմությունը չափում, 39-ից բարձր էր, բայց ասում է, որ արյան մեջ թթվածինը ցածր չէ, նորմայի մեջ է, անալգին-դիմեդրոլ են սրսկում, գնում:  Բայց գնալով վիճակը վատանում է, տղաս տանում է հիվանդանոց, որտեղ ԿՏ են անում: Պոլիկլինիկայից ուղեգրում են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեստավորվելու, որտեղից էլ տեղափոխում ենք հոսպիտալ ու մահացած բերում»:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից Այրվածքաբանության ազգային կենտրոնը եւս վերածվեց կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների տրիաժ կենտրոնի, որտեղ քաղաքացիները ընդունվում, ախտորոշվում եւ տեղափոխվում են:
Aravot.am-ը փորձեց հեռախոսով կապ հաստատել Այրվածքաբանության ազգային կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն կենտրոնի քաղաքային՝ 010.35.02.15 հեռախոսահամարը օրվա ընթացքում չպատասխանեց:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասաց, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մարդիկ սպասում են ախտորոշմանը, անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ցանկացած միջամտության համար, սակայն բժիշկները սպասում են թեստի պատասխանին եւ այդ ընթացքում ինչ անհրաժեշտ են գտնում՝ դա էլ անում են. «Իսկ, եթե մի դեղ տային ու հակառակ ռեակցիան լինի՞: Բժիշկն ավելի լավ է հասկանում՝ ինչ պետք է անել: Երբ լինում է թեստի պատասխանն այդ ժամանակ արդեն համապատասխան բուժումը նշանակում են՝ թե ինչի կարիք ունի»:

Մեր այն դիտարկմանը, որ քաղաքացին Այրվածքաբանական է տեղափոխվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ԿՏ-ի պատասխանով, որտեղ երեւացել է երկկողմանի թոքաբորբ` COVID-19-ի պատկերով, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ թեստի պատասխանից հետո է համապատասխան բուժումը նշանակվում. «Իսկ, եթե COVID լիներ, ու պարզվեր, որ պետք չէր այդ բուժո՞ւմը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031