Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդի ազգային նպատակների մասին

Հուլիս 12,2020 15:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է ազգային նպատակների մասին․

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

– Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

– Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

– Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

– Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

– Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

– Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող եւ ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

– Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Համակեցության համահայկական կանոններ

1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Մենք և աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա:

Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2690557087931336?__xts__[0]=68.ARDk_WMPLtAZfxj8OwDJBSP_CDPRuSGs14HDVYPoW-qCw5t-3-Rm4Uf0SS6-riWfHhUkvBabzCIKPNuZV2-qjpmXzMp4nVfZgfVbnfp7J3Fq09aN-lZfwX6zJ4jzP8-6xsWNaGvx0CD-opR5U1tRdY3bFb3350ye5njdvgE9qQLcit71TZkfjo5oyZsN-HZ55wN2hg5AnYZZTcWYo49SDcD8uDFuPbNg4bNFW7hv4WNXHWJ-vUHKOwglLWJI5-kAB9XaxiHcE_yCIx9duCY0p0PijSURNUxQKW3wXtUyBCswKlc5QEisl5vS7oQWNHycriw6Se-eXHpo35TeqXsQF6sF&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031