«Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արտյոմ Սաֆարյանի թոշակառու ծնողներն ամեն ամիս իրենց թոշակից գումար են փոխանցում որդուն, որպեսզի վերջինս օգտվելով ՔԿՀ-ին կից խանութից` կարողանա գոնե ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դատապարտյալը գնում է հեռախոսային «Քրոս» քարտեր, որպեսզի կապ ունենա ընտանիքի հետ: Քարտերի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո հավաքում է պին կոդը, որպեսզի հավաքի հեռախոսահամարը, բայց պարզվում է՝ պին կոդը սխալ է: 4 քարտի պին կոդն էլ սխալ է լինում: Դատապարտյալը չգիտի՝ ում դիմի խնդրով վաճառված քարտի վրա ընկերության ոչ մի տվյալ չկա: Ըստ դատապարտյալի հարազատների՝ սա առաջին դեպքը չէ, ուրիշների հետ էլ է պատահել, ուղարկել են տվյալ խանութը, որտեղից գնել են, բայց պատասխանել են, որ իրենց առաքում են ու առաքիչը չի կարող հետ վերցնել քարտերը:
Դատապարտյալների բողոքի առնչությամբ Aravot.am-ին «Cross» ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Չոփուրյանն ասաց, որ երբեմն իրենց քարտերի հետ պատահում է, որ պաշտպանիչ շերտը ջնջում են՝ դրա հետ մեկտեղ ջնջվում են նաեւ թվերը եւ լիցքավորում չեն կարողանում անել: Մեր այն դիտարկմանը, թե դատապարտյալների տրամադրած լուսանկարներում, որտեղ, նրանց բնորոշմամբ, խոտան քարտերն են, թվերը հստակ երեւում են եւ որեւէ նիշ ջնջված չէ եւ դատապարտյալները պնդում են, որ խնդիրը պին կոդի սխալ լինելն է, պարոն Չոփուրյանն ասաց, որ այդ քարտերը պետք է հետ ուղարկեն իրենց ընկերություն, որպեսզի ստուգեն՝ տեսնեն՝ արդյոք դրանք օգտագործվա՞ծ չեն:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, դեպք է եղել, երբ արդեն լիցքավորած քարտի համար են բողոքել, թե խոտանված է, բայց, պարզվել է՝ այն արդեն մեկ անգամ լիցքավորած է եղել: Նշեցինք, որ դատապարտյալը փորձել է քարտերը հետ տալ, սակայն տվյալ խանութը փոխանցել է, որ քարտերի առաքիչը չի կարող այն հետ վերցնել, պարոն Չոփուրյանն ասաց, որ դա պետք է անեն քրեակատարողական հիմնարկի այն աշխատակցի միջոցով, որն այդ քարտերը նրանց համար գնել է. «Պետք է այդ աշխատակիցը վերադարձնի խանութին, որպեսզի մենք ստուգենք՝ տեսնենք ինչումն է խնդիրը: Եթե օգտագործված չէ եւ խնդիր կա, կփոխարինենք»:
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ