Լրահոս
Օրվա լրահոսը

Շահերի բախում, ծանոթով պետական գնումներ՝ նոր Հայաստանում. ՔՊ անդամի ՍՊԸ-ն դարձել է պետական գերատեսչությունների մատակարարը

Հուլիս 12,2020 12:30

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ ՍՊԸ-ն է եղել, հեղափոխությունից հետո մի շարք պետական գերատեսչությունների մատակարարն է դարձել:

Մինչեւ պատգամավոր դառնալը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ եղել է այդ ընկերության տնօրենի տեղակալը՝ 2009-2012թ-ին:

Այս ՍՊԸ-ի հետ կապված ուշագրավ փաստական տվյալներ ենք հայտնաբերում, երբ ուսումնասիրում ենք, թե ինչ պայմանագրեր է կնքել ու ինչքան եկամուտ ստացել: Մինչեւ այս ՍՊԸ-ի աշխատակիցների իշխանության գալը, ըստ ֆինանսների նախարարության գնումների Armeps.am համակարգի տվյալների, այն ունեցել է 150 հազար դրամի պայմանագիր, որով տպագրման ծառայություններ է մատուցել ՏՄՊՊՀ-ին: Իսկ արդեն հեղափոխությունից հետո՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դրամ: 2019-ին 1 մլն դրամից ավելի պայմանագիր է կնքել, այս տարի արդեն 840 հազար դրամի է կնքել: Ու այս ընթացքում այս «իշխանամերձ» ընկերությունը սկսել է թերթերում, մամուլում հայտարարությունների տպագրման ծառայություններ մատուցել ՀՀ գլխավոր դատախազության, պետգույքի կառավարման կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության պատվերով, ընդ որում, այդ պայմանագրերից 3-ը մեկ անձից կատարված գնման ընթացակարգով է եղել:

ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:

Արուսյակը, ըստ ԿԸՀ ներկայացրած ընտրացուցակի, մինչ այդ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշվապահն է եղել: Ինչ վերաբերում է գործարքների գումարին, պայմանագրերից մեկով այն տեղեկատվական նյութեր է տպագրել ավելի քան 918 հազար դրամի՝ այն ժամանակ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո գտնվող պետգույքի կառավարման կոմիտեի պատվերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031