Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրամբլ»-ներ՝ սեզոնային մրգերից

Հուլիս 12,2020 14:30

Ավելի հեշտ ու արագ պատրաստվող, ավելի թեթեւ եւ օգտակար թխվածք, միաժամանակ՝ անչափ համեղ, դժվար է պատկերացնելը: Այս պարզունակ աղանդերն իրենից ներկայացնում է ջեռոցը դրված միրգ, որի վրա խմորի փշրանք է (crumble-փշրել): Այս աղանդերը Բրիտանիայում տարածում է գտել 2-րդ համաշխարհային տարիներին, երբ մթերքի պակաս կար, եւ մրգային կարկանդակներ պատրաստելու համար կարագը, շաքարավազն ու ալյուրն այնքան քիչ էր, որ չէր բավականացնում խմորի ե՛ւ տակի, ե՛ւ վրայի շերտերի համար:

Այժմ քրամբլի ավելի «մոդեռնացված» տարբերակներ էլ կան, ներկայացնում եմ մի քանի եղանակ, պատրաստեք այն տեսակը, որն ավելի կհավանեք: Մթերքների համար չափեր չեմ նշում, քանի որ հիմնականում ամեն ինչ աչքաչափով է արվում:

Անհրաժեշտ մթերքները

Սեզոնային մրգեր, օրինակ՝ բալ, կեռաս, սալոր, խնձոր, դեղձ, ծիրան

Փխրուն խմոր (песочное тесто)

Մյուսլի կամ վարսակի փաթիլներ (геркулес) (պարտադիր չէ)

Ընկուզեղենի տեսականի (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Փխրուն խմորը թխվածքաբլիթների եւ որոշ կարկանդակների պատրաստման համար օգտագործվող խմորն է, որը բաղկացած է կարագից, շաքարավազից եւ ալյուրից, երբեմն՝ նաեւ ձվի դեղնուցից (200 գրամ ալյուր, 100 գրամ կարագ, 50 գրամ շաքարավազ, 1 ձվի դեղնուց): Սովորաբար թխվածքաբլիթներ պատրաստելիս ես երկու-երեք չափաբաժնով եմ խմորը պատրաստում, եւ ավելացած խմորը, բաժանելով բռունցքի չափ գնդերի, փաթաթում եմ պոլիէթիլենե թաղանթով եւ դնում սառցարան: Ցանկացած պահի կարելի է հանել սառցարանից, կես ժամ անց գրտնակել, շրջանակներ կտրատել եւ թխել՝ ստանալով արագ եւ շատ համեղ թխվածքաբլիթ: Կամ, ինչպես այս դեպքում, պատրաստել համեղ մրգային աղանդեր: Եթե հատուկ այս աղանդերի համար եք պատրաստելու փխրուն խմոր, ապա վերցրեք 100 գրամ կարագ, 50 գրամ շաքարավազ, լավ խառնեք, ավելացրեք 1 ձվի դեղնուց, 200 գրամ ալյուր, հունցեք խմոր, դառնում է ձեռքերին չկպչող, փափուկ խմոր: Ցանկության դեպքում կարող եք խմորին նաեւ մի փոքր վանիլին ավելացնել: Խմորն անպայման գնդեք, դրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ եւ ամենաքիչը 0,5 ժամով դրեք սառցարան: (Ի դեպ, սառցարանում այս խմորը կարող եք պահել առնվազն 3 ամիս):

Ի դեպ, տարիներ առաջ ձեր ուշադրությանն էի ներկայացրել սեւ սալորով քրամբլի բաղադրատոմս, որտեղ ոչ թե փխրուն խմոր, այլ հենց քրամբլի համար նախատեսված փշրանք է պատրաստվում: Կարող եք նաեւ այդ տարբերակն ընտրել: Բաղադրատոմսը՝ այստեղ:

Մրգերը լավ լվացեք, եթե կորիզապտուղներ են, հեռացրեք կորիզները: Այս անգամ ես պատրաստել եմ չորս տեսակի քրամբլ, երկուսը՝ հաճելիորեն թթվաշ, մեկը՝ բալով, մյուսը՝ սալորով, իսկ երկուսը՝ ավելի քաղցր՝ մեկը դեղին կեռասով, մյուսը՝ վաղահաս վարդագույն խնձորով եւ չամիչով:

Վերցրեք հրակայուն ամաններ, ցանկալի է այնպիսին, որ հենց դրա մեջ էլ մատուցեք, կարող եք վերցնել ինչպես ընդհանուր տարա, այնպես էլ՝ անհատական չափաբաժիններով:

Տարաները պետք չէ ո’չ յուղոտել, ո’չ յուղաթղթով ծածկել: Պարզապես լցրեք ձեր նախընտրած միրգը տարայի մեջ, վրան ցանեք մի փոքր շաքարավազ (եթե ունեք եղեգնաշաքար, ապա ավելացրեք եղեգնաշաքար, որն ավելի հաճելի բույր եւ գույն կտա ձեր աղանդերին): Ի դեպ, խնձորով քրամբլին ես ավելացրեցի խնձորի բրենդիի (կալվադոսի) մեջ թրջված չամիչ:  (Եթե միրգը շատ հյութալի չէ, կարող եք ավելացնել 1-2 ճաշի գդալ ալկոհոլ՝ կոնյակ, ռոմ, քաղցր գինի):

Սառցարանից հանած փխրուն խմորն անցկացրեք խոշոր ատամներով քերիչով եւ ոչ հաստ շերտով լցրեք մրգերի վրա:

Ըստ էության՝ կարող եք հենց այսպես էլ դնել ջեռոցը, սակայն, եթե  ուզում եք ավելի յուրահատուկ ստացվի ձեր աղանդերը, փխրուն խմորի վրայից էլ բարակ շերտով մյուսլի կամ վարսակի փաթիլներ ցանեք:

Եթե է՛լ ավելի յուրահատուկ բան եք ուզում ստանալ, մյուսլիի վրայից էլ որեւէ ընկուզեղեն ավելացրեք: Այս անգամ, օրինակ, բալով քրամբլի վրա մանր կտրատած պիստակ եմ ավելացրել, խնձորով քրամբլի վրա՝ մանրած ընկույզ, կեռասով քրամբլի վրա՝ նուշի փաթիլներ, իսկ սալորով քրամբլի վրա՝ մանրացրած կաղին (պնդուկ):

Դրեք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 15-20 րոպեով, մինչեւ խմորային շերտը ոսկեգույն դառնա:

Քրամբլը ընդունված է մատուցել տաք կամ գոլ վիճակում՝ պաղպաղակի հետ, թեեւ սառը վիճակում նույնպես շատ համեղ է՝ առանց ոչ մի բանի, կամ որակյալ թթվասերի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031