Հուլիսի 10-ին մեկնարկեց «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնը շատ ջերմորեն ընդունվեց մշակույթի ու հանրության լայն շերտերի կողմից՝ դրական լիցքեր և հույսի զգացողություն հաղորդելով մարդկանց: Հատկանշական է, որ նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ պետբյուջեից զրո լումա ծախսելով և ներգրավելով հայ արտիստների, որոնց հնարավորություն է տրվել ամիսների դադարից հետո կրկին բեմ բարձրանալ։ Ինչպես օրերս կայացած ասուլիսի ընթացքում նշեցին փառատոնի կազմակերպիչներ մաեստրո Սերգեյ Սմբատյանը և Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, նախագիծն իրականություն չէր դառնա առանց պարետատան կառուցողական մոտեցման:
Ամիսների դադարից հետո երկրի մշակութային կյանքի վերակենդանացման գործընթացում ներդրում ունենալը մեծ պատիվ է և իհարկե նաև պատասխանատվություն, իսկ քննադատությունը` սպասելի: Աշխատողի և արժեք ստեղծողի համար քննադատությունը սովորական է, չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում։ Իրականում ոչինչ չանողը հիմնականում հենց բոլորին քննադատողն է:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում ավելի քան 8 տարվա աշխատանքի ընթացքում երբեմն առերեսվել եմ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հասցեին հնչող քննադատության, վերջիններիս մեղադրել են բոլոր հնարավոր մեղքերի մեջ, ու այն տպավորությունն է, թե Սիմֆոնիկն ու նրա ղեկավարն են, որ շատերին թույլ չեն տալիս աշխատել։ Նման հրապարակումներին երբեք չեմ անդրադարձել՝ առաջին հերթին որովհետև թույլ չեն տվել նվագախմբի տնօրինությունն ու Սերգեյ Սմբատյանը։ Փոխարենը կասեմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չի խոչընդոտում ոչ մեկին հանդես գալ գաղափարներով ու կյանքի կոչել դրանք, մենք ոչ մեկի ձեռքից չենք բռնում։
Մեր կոլեկտիվում կա մի սկզբունք՝ ամբողջ էներգիան կենտրոնացնել միայն ստեղծարար աշխատանքի վրա, չթիրախավորել գործընկերներին, չհամեմատվել ոչ մեկի հետ, ամեն ինչ անել նվագախմբի ռազմավարության մեջ նշված նպատակներին հասնելու համար։ Իսկ այդ նպատակները գլոբալ են՝ միտված նվագախմբի համաշխարհային ճանաչմանը, դրա միջոցով նաև՝ հայկական երաժշտարվեստի ու Հայաստանի հանրահռչակմանը։ Բացի այդ, համարում ենք, որ ցանկացած մեկը, ով աշխատում է, արարում, արժանի է հարգանքի, և նրա գնահատականը պետք է տա հանրությունը։ Իսկ եթե մեզ մոտ էլ ինչ-որ բան չի ստացվում, ապա մեղավորների չենք փնտրում, պարզապես շարունակում ենք աշխատել։
Կարդացեք նաև
Համավարակի ավելի քան չորս ամիսների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունկնդրին ներկայացել է բազմաթիվ նոր ձևաչափերով։ Ի դեպ, մեր նվագախումբն առցանց տիրույթում աշխարհում ամենաակտիվներից է, և արտասահմանյան շատ նվագախմբերի, միջազգային մրցույթների ու փառատոների կազմակերպիչներ այս ընթացքում օնլայն հարթակում աշխատելու վերաբերյալ խորհրդատվություններ են վերցնում Սերգեյ Սմբատյանից ու մեր մասնագիտական թիմից։
Եթե անկեղծ, ես շատ կուզենայի, որպեսզի մեր ոլորտներից յուրաքանչյուրում լիներ գոնե մեկ Սերգեյ Սմբատյան, մարդ, որն ունի աներևակայելի լայն աշխարհայացք, անսահման նվիրվածություն հայկական երաժշտարվեստին ու հայկական ինքնությանը, համակարգային մտածելակերպ, գիտելիքների ու հույզերի հզորագույն պաշար, մարդ, որը գիտի՝ ինչպես առաջ ընթանալ, ինչպես հարաբերվել աշխարհի հետ, ինչպես արժանավայել ապրել ու զարգանալ՝ հետևում թողնելով բարդույթավորված մրցակիցներին:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ